Մատչելիության հղումներ

Հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ամերիկյան առաջարկին. քաղաքագետ

Լրացված

ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Չնայած պաշտոնական Երևանի արձագանքին, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը ներքին տեղեկություններն ու այս թեմայով հրապարակումները վերլուծելով ենթադրում է՝ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ամերիկյան առաջարկին, ու հիմա բանակցությունները դետալների շուրջ են:

ԱՄՆ նախագահը երեկ արդեն տպավորություններով էր կիսվում, թե Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծմանը:

«Ես կարծում եմ՝ Երևանը ոչ միայն չի մերժել, այլ նաև համաձայնություն է տվել տվյալ առաջարկին: Մնում է հասկանալ, թե որոնք են այդ առաջարկության դետալները: Այն, որ այդ առաջարկությունը կարող է ներառել և երևի ներառում է սահմանային մաքսային վերահսկողություն իրականացնելու գործառույթը, ակնհայտ է, բայց արդյոք այն ներառում է այդ ամբողջ կոմունիկացիան երրորդ կողմին արտապատվիրակելը, դժվար է այս փուլում ասելը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգորյանը:

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյան, արխիվ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյան, արխիվ

Անդրադառնալով Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությանը, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին, վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել էր՝ «ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ», պարզաբանել էր՝ Հայաստանի օրենսդրությամբ միայն գյուղատնտեսական հողերը կարելի է վարձակալության հանձնել;

Նազելի Բաղդասարյանը, սակայն, չէր հստակեցրել՝ արդյոք դեսպանը ԱՄՆ ապաշրջափակման այդ նույն առաջարկի մասին է խոսում, որը, ըստ «Քարնեգի» հիմնադրամի, Թրամփի վարչակազմն արել է Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապուղու վերաբերյալ: Պաշտոնական Երևանը չի հերքել, որ նման առաջարկ եղել է:

Հարցին՝ «իսկ գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը», վարչապետի խոսնակը պատասխանել է. - «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: Հայաստանի տարածքի որևէ հատված չի կարող լինել Հայաստանի տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս: Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել»:

«Առաջարկել են ճանապարհի վերահսկողությունը փոխանցել ամերիկահայկական կազմակերպության»

Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքում վերլուծել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ու եզրահանգել, որ ամերիկացի դիվանագետի պնդումները կարող են կասկածելի լինել:

Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյան, արխիվ

«Հայաստան-Իրան ընդհանուր սահմանը մոտ 45 կիլոմետր է: Դեսպան Թոմաս Բարաքը այդ սահմանի երկարությունը նշում է 32 կիլոմետր: Այս փաստական սխալն արդեն կասկածի տակ է դնում կամ կարող է դնել դեսպանի մյուս պնդումները: Բայց որ ամերիկացիները Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Հայաստանի վարչապետին առաջարկել են ճանապարհի վերահսկողությունը փոխանցել ամերիկահայկական կազմակերպության, դա ճիշտ է: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ընթացքում, մայիսի վերջերին, պատմել է մի քանի հայ փորձագետների», - գրել է քաղաքական մեկնաբանը: Արդյոք ինքն էլ էր այդ փորձագետների շարքում, Թաթուլ Հակոբյանը չի պարզաբանել:

«Եվ փոխադարձություն պետք է ապահովվի, քանի անգամ մենք դրա մասին հրապարակավ հայտարարել ենք», - անցած շաբաթ ասել էր Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Վարչապետի աշխատակազմ «Ազատություն»-ը հարցում է ուղարկել՝ ճշտելու՝ ապաշրջափակման ի՞նչ առաջարկ է Վաշինգտոնն արել Երևանին և Բաքվին, կողմերը պաշտոնապես չեն հրապարակել մանրամասները: Ինչպե՞ս է Հայաստանն այդ առաջարկի պարագայում պահպանելու վերահսկողությունը ճանապարհի նկատմամբ, ի՞նչ գործառույթներով: Նաև՝ Երևանի համար շարունակո՞ւմ է սկզբունքային մնալ, որ արտապատվիրակելու դեպքում փոխադարձության սկզբունքը պահպանվի ճանապարհի ադրբեջանական հատվածում ևս:

Երևանը ապաշրջափակման իր ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ» է կոչում, Բաքուն՝ անխոչընդոտ, առանց մաքսային ստուգումների «Զանգեզուրի միջանցք» է պահանջում:

«Միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակում»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը դժվար է պատկերացնում, որ փոխադարձության սկզբունքը գործելու է, և Ադրբեջանը ևս համաձայնելու է նույն ռեժիմին իր տարածքում: Երրորդ կողմի «վերահսկողությունը» Երևանը մերժում է, արտապատվիրակմանը դեմ չէ, ուստի ապաշրջափակման ի՞նչ պայմանների է պատրաստ:

«Եթե Հայաստանը փաստացիորեն չի վերահսկելու թեկուզ սահմանային և մաքսային ստուգումը, օրինակ, իհարկե այստեղ գործ ենք ունենալու արդեն միջանցքային տրամաբանության հետ, որովհետև, իհարկե, կողմերը ճանաչելու են Հայաստանի ինքնիշխանությունը այդ ճանապարհի նկատմամբ, ֆորմալ առումով խնդիրներ չեն լինելու, բայց գործնականում, եթե չլինի վերահսկողություն, կասկածում եմ, որ Ադրբեջանը կընդունի փոխադարձության սկզբունքը», - նշեց Գրիգորյանը՝ շարունակելով. - «Այստեղ հստակ կարելի է ձևակերպել որպես միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակում»:

Քաղաքագետն Ադրբեջանի դեպքում ևս մեկ մտահոգություն ունի. - «Ադրբեջանի համար սա, իհարկե, տնտեսական խնդիր չի, սա առաջին հերթին քաղաքական խնդիր է՝ այդ այսպես կոչված անխոչընդոտ անցումը դեպի Նախիջևան, և կա հավանականություն, որ ստանալով իր համար այդ ամենաանհրաժեշտ կոմունիկացիան՝ չգնա ավելի կառուցողական լուծումների՝ այլ կոմունիկացիաների բացման ճանապարհով, մի միտում, որը մենք տեսնում ենք այլ գործընթացներում: Օրինակ, եթե վերցնենք նույն սահմանազատման գործընթացը, այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը ստանալիք ուներ, գնաց գործընթացի, և արդեն իր համար ընդունելի արդյունքները ստանալուց հետո գործընթացը առնվազն կանգ է առել»:

Ապաշրջափակման ամերիկյան առաջարկը, ըստ «Քարնեգի» կենտրոնի, մայիսի վերջին է փոխանցվել Երևանին ու Բաքվին, դրանից հետո Հայաստանի վարչապետն ակտիվ քննարկումների մեջ էր՝ նախ՝ Թուրքիայի նախագահի, ապա՝ Ադրբեջանի ղեկավարի, երեկ՝ Եվրամիության առաջնորդների հետ:

Մինչ Երևանում ակտիվ քննարկում են Սյունիքի ճանապարհի մասին ամերիկացի դիվանագետի հայտարարությունը, պաշտոնական Բաքուն այս հարցի շուրջ լռություն է պահպանում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG