ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ Երևանին ու Բաքվին Վաշինգտոնի առաջարկի մասին հրապարակումները:
«Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստող ջանքերին: Մամուլի հրապարակումների վերաբերյալ տեղեկություն չունենք հաղորդելու», - «Ազատությանը» հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:
Անցած շաբաթասկզբին «Քարնեգի» հիմնադրամը, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել: Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Համաձայն «Քարնեգի»-ի հրապարակման՝ «Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»:
Պետքարտուղարությունից մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ի՞նչ է ենթադրում ամերիկյան վարչակազմի առաջարկը, ի՞նչ կազմակերպություն է վերահսկելու/կառավարելու Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհը, ինչպիսի՞ գործառույթներ կունենա այդ ընկերությունը, արդյոք Վաշինգտոնը Երևանից ու Բաքվից պաստասխան ստացե՞լ է այդ առաջարկի շուրջ: Պետքարտուղարությունը այս հարցերին հրաժարվել է պատասխանել:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել էր, որ ապաշրջափակման հարցով միջազգային գործընկերներից առաջարկներ ստացել են: Այսօր էլ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը: