Հայ-ադրբեջանական բանակցություններից հետո միջազգային հանրությունը խաղաղությանն իր աջակցությունն է հայտնում, նաև՝ Երևանից և Բաքվից ակնկալիքները ձևակերպում:
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։
Միացյալ Նահանգներից հայտարարում են՝ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն ասել է՝ հետևում են մամուլի հաղորդագրություններին:
«Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին խոսուն է, կաբինետի հանդիպման ժամանակ արված դիտարկումը ցույց է տալիս, որ սա խաղաղության համար աշխատող վարչակազմ է։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է և կգնան այնտեղ, ուր պետք է: Այս դիրքորոշումը չի թուլացել։ Դա պայմանավորված է նրանով, որ «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հանձնառությունն, իհարկե, ընդգրկում է նաև մեզ շրջապատող աշխարհում իրավիճակը», - նշել է Բրյուսը:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան կրկնել է Բրյուսելի աջակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Մենք ողջունել ենք խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը 2025 թվականի մարտին: Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ։ Խրախուսում ենք երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն, եթե կողմերը դա խնդրեն», - հայտարարել է Անիտա Հիպերը։
Հաջողված հանդիպում. Փաշինյան-Ալիև բանակցություններն «Ազատության» հարցերին ի պատասխան հենց այսպես էր գնահատել ԱԳՆ-ն խոսնակ Անի Բադալյանը. - «Հաստատում ենք, որ այն կարող է խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք հանդիսանալ»:
Ադրբեջանցի պաշտոնյաներից գնահատականներ չհնչեցին, բայց պետական լրատվամիջոցները հանդիպմանն անդրադառնալով գրում էին, թե բանակցությունները կառուցողական մթնոլորտում են անցել:
Պաշտոնական տեղեկատվությունն, այնուհանդերձ, խիստ կցկտուր էր: Որևէ կոնկրետ համաձայնության մասին չհաղորդվեց, չնայած մոտ 5 ժամ շարունակված բանակցություններից հետո հայտարարվեց, որ «միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտների» է անդրադարձ եղել:
Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն, այնուհանդերձ, Աբու Դաբիից փոխանցում էին, թե կողմերը «լուրջ և բովանդակալից քննարկումներ են ունեցել, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ»:
Հայաստանի ԱԳՆ-ին հարցրել ենք՝ հերքո՞ւմ, թե հաստատում են տեղեկությունները, եթե հաստատում են՝ կա՞ պայմանավորվածություն՝ ե՞րբ կարող է նախաստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ի՞նչ է նշանակում նախաստորագրել, իսկ ստորագրումը ե՞րբ տեղի կունենա, մանավանդ, որ նախագծի բոլոր կետերը համաձայնեցված են:
Արտգործնախարարության խոսնակը պատասխանել է, թե եթե պաշտոնական հաղորդագրությունից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լիներ, հանրությունն այդ մասին կտեղեկացներին: Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ԱԳՆ-ը օգտագործել է տարածաշրջանային ապաշրջափակում եզրույթը, վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը՝ այն է, ճանապարհները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքներով:
«Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել», - նշել են ԱԳՆ-ից:
Պաշտոնական Երևանը շեշտել է, որ Աբու Դաբիում այս դիրքորոշումն են պաշտպանել, այդ թվում կապուղիների բացման հարցում: