Մատչելիության հղումներ

ԵՀ նախագահը համոզված է՝ Հայաստանը դերակատարություն է ունենալու Եվրոպայի ապագայում

Լրացված

Եվրամիությունը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելուն ուղղված Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար: Այս մասին ասված է այսօր Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:

Կոշտան և ֆոն դեր Լայենը ողջունել են նաև Հայաստանի բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Եվրամիության տեղադրած կարճ տեսանյութում հանդիպման մեկնարկի ողջույնի խոսքերն են, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիշեցրել է իր անցած տարվա հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունն ու Հայաստանը կանգնած են ուս-ուսի, հավելել է, որ Բրյուսելն ու Երևանն այժմ մերձ են, քան երբևէ, որ կա շատ հավակնոտ գործընկերության օրակարգ, աճի և դիմակայունության ծրագիր, որի շրջանակներում 270 միլիոն եվրո է տրամադրվելու Հայաստանին:

Ֆոն դեր Լայենը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը դերակատարություն է ունենալու Եվրոպայի ապագայում:

«Մենք գիտենք, որ ձեր հիասքանչ երկիրը կարող է և պետք է դերակատարության ունենա Եվրոպայի ապագայում: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը էական պահ է, որը կարող է վերջ դնել տասնամյակների թշնամանքին, և հույս ունեմ, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ: Եվրամիությունը կշարունակի աջակցել ձեզ այս ճանապարհին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Եվրամիության հետ լայն օրակարգ կա քննարկելու, համաձայնել է, որ համագործակցությունն ու հարաբերությունները Եվրամիության հետ տեսանելի և արագ զարգացում ունեն, և շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար:

«Մենք հավատարիմ ենք՝ շարունակել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, ինչը շատ ամուր հիմք է մեր հարաբերությունների հետագա զարգացման համար», - հայտարարել է վարչապետը:

Եռակողմ հանդիպմանը նշվել է, որ Հայաստանում Եվրամիության ներդրումները նախատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի: Առաջնորդները ողջունել են նաև Եվրամիության և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը, Եվրամիություն-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի վերաբերյալ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի` վերջերս ընդունված օրենքը Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:

Վարչապետ Փաշինյանին Բրյուսել և Փարիզ այցերի ընթացքում ուղեկցում է բավական մեծ պատվիրակություն, դրանում ներառված են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը. ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ պատվիրակությունը կարող է քննարկել նաև Եվրամիություն-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի համաձայնեցված փաստաթուղթը, բայց Բրյուսել և Փարիզ Փաշինյանի այցն ավելի ուշագրավ է նրանով, որ Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո է տեղի ունենում:

«Կարծում եմ՝ Փաշինյանը անկասկած իրազեկելու է Եվրամիության ղեկավարությանը Աբու Դաբիում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ՝ եղել են համաձայնություններ, ինչպիսին են եղել, կամ եթե չեն եղել, ապա ինչու չեն եղել, որովհետև Եվրամիությունը ակտիվ հետաքրքրված է այս օրակարգով և հատկապես, իմ գնահատմամբ, ճանապարհների ապաշրջափակման օրակարգով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Այստեղ, սակայն, ամենևին չի բացառվում, որ այս օրակարգի առնչությամբ Փաշինյանը ընդհուպ փորձի Եվրամիության հանգամանքը օգտագործել որոշակի դիվանագիտական մանևրի համար՝ այն պահանջների կամ ակնկալիքների համատեքստում, որ մենք գիտենք, ունեն Ադրբեջանը և հատկապես Թուրքիան այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» համատեքստում: Եվրոպան, Եվրամիությունը, իհարկե, ևս այդ Միջին միջանցք ասվածի շահառու է և բաց տեքստով հայտարարել են, որ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական սահմանները բեկումնային նշանակություն ունեն այդ Միջին միջանցքի համար: Բայց այստեղ, կարծում եմ, կարող է լինել հետևյալ հարցը, որ Եվրամիությունը, այդուհանդերձ, շահագրգռված լինի ինչ-որ բալանսավորված մոտեցմամբ: Բալանսավորված՝ նկատի ունեմ ոչ ամբողջապես, այսպես, թուրքական ակնկալիքների շրջանակում ապաշրջափակում, և հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը փորձի այդ հանգամանքը օգտագործել որոշակի մանևրի համար»:

«Սա իհարկե, դիտարկում է, որովհետև մենք ամենևին չենք կարող բացառել, որ Եվրամիությունը և Անկարան պարզապես ունենան ինչ-որ ընդհանուր պայմանավորվածություններ; Այդ դեպքում, իհարկե, մենք կարող ենք խոսել այն մասին, որ Երևանի հանդեպ ակնկալիքները կլինեն շատ ավելի ծանր, որովհետև եթե Եվրամիությունն ու Անկարան գործեն ամբողջապես համաձայնեցված տրամաբանությամբ, ապա այստեղ Հայաստանի համար մանևրի շրջանակը իսկապես կլինի շատ սահմանափակ», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Հայաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպել է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոս ի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ, ապա մեկնել է Փարիզ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG