Դաշնակցության երիտասարդական միության անդամ Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանը նշել է, որ 18-ամյա Չամիչյանը առողջական լուրջ խնդիր ունի:
Ձերբակալված 7 դաշնակցականներից մեղադրյալ է միայն Չամիչյանը՝ ահաբեկչության նախապատրաստության հոդվածով: Նրանցից 6-ը դեռևս գտնվում են անազատության մեջ: Քննչականը դեռևս տեղեկություն չի հաղորդում՝ արդյոք նրանց մեղադրանք կառաջադրվի, և եթե չառաջադրվի, երբ ազատ կարձակվեն:
Նախօրեին դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդու ու մյուսների տներում խուզարկություններից հետո Քննչականը լուսանկարներ հրապարակեց, հայտարարեցին՝ առգրավել են էլեկտրական դետոնատոր, որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասերը, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը, պնդել էր՝ իր պաշտպանյալի մոտից հայտնաբերել են այսպես կոչված խաղալիք պայթուցիկ, որով սպորտային խաղեր են խաղում: Դաշնակցությունն էլ հրապարակել էր մարտին սթրայքբոլի խաղերի կադրերը:
Այսօր էլ Դաշնակցության երիտասարդական միության անդամները Քննչական կոմիտեի շենքի առջև բողոքի ակցիա արեցին: Նրանք իրենց հետ բերել էին այն առարկաներից, որոնք հրապարակել էր Քննչականն ու նշել, որ դրանցով ահաբեկչություն է նախապատրաստվել: Նրանք սթրայքբոլի խաղերում օգտագործվող խաղալիք պայթուցիկները շարեցի Քննչականի աստիճաններին: Ակցիայի մասնակիցները Քննչական կոմիտեի մեղադրանքները որակում են անհիմն և ծիծաղելի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաշնակցության 7 անդամ՝ ճաղերից այն կողմՄանրամասները տե՛ս այստեղ