Ահաբեկչության նախապատրաստության հոդվածով ձերբակալված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն այսօր կալանավորվեց:
«Որևէ անկանխատեսելի բան տեղ չունեցավ, երկու ամսով Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց՝ սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար, անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն», - դատական նիստից հետո հայտարարեց փաստաբանը:
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրենց մինչև այս պահը իրավապահները չեն պարզաբանել, թե երիտասարդ դաշնակցականի մոտից առգրավված սթրայքբոլ խաղի պարագաներով նա ինչպես էր պատրաստվում ահաբեկչություն անել. - «Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր էդ ահաբեկչությունը անում, ում դեմ էր անում և այլն, որևէ տեղեկություն քննչական մարմինները այս պահի դրությամբ չունեն»:
Փաստաբանն ընդգծեց՝ դատարանը մի դրական քայլ արեց՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղայի տեսակցությունները ծնողների հետ չարգելափակեց: «Չեմ կարող ավելի հստակ ասել, բայց դե էնպիսի առողջական խնդիր է, որը որ խոչընդոտ է բանակում ծառայության համար», - նշեց նա:
Մելիքյանի խոսքով՝ երեքշաբթի գիշերն են իրավապահները հետաքրքրվել դաշնակցական երիտասարդով, առգրավել խաղի պարագաները: Պնդեց՝ Անդրանիկի մոտ որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. - «Ինչ-որ մարտական, չեմ իմանում ինչ, «Ֆ1», և այլն, և այլն, չէ՞, էդպիսի բաներ են խոսում, դա Անդրանիկ Չամիչյանի հետ ոչ մի կապ չունի, Անդրանիկ Չամիչյանի մոտից որևէ առանձին ապօրինի իր հայտնաբերված չի, և դա է պատճառը, որ սկզբից նրան ձերբակալել էին երկու հոդվածով՝ ահաբեկչության նախապատրաստություն և ապօրինի ռազմամթերք պահելը, մեղադրանք առաջադրելիս երկրորդը հանեցին»:
«Մենք կարող ենք հիմա վերցնել էստեղ որևէ առարկա և դա դարձնել ահաբեկչության գործիք, ինչի՞ մասին է խոսքը: Սա է ամբողջ աբսուրդը էս ամեն ինչի, որ ամեն ինչն էլ կարող են, և դա որպես փաստարկ բերել, և միայն դա որպես փաստարկ ունենալ, չգիտեմ», - շեշտեց փաստաբանը:
Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց դաշնակցական 7 երիտասարդների, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալելու մասին: Պնդեցին, որ բացահայտել են ահաբեկչության փորձ, հրապարակեցին դաշնակցականների տներից առգրավված իրերի լուսանկարները՝ էլեկտրական դետոնատոր, որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասերը, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Որպես առերևույթ հանցագործության ապացույց հրապարակել էին նաև Դաշնակցության ավելի քան մեկդարյա կարգախոսով շապիկը՝ «Մահ կամ ազատություն»: Քննչականը, միևնույն ժամանակ, ապատեղեկատվություն էր որակել մյուս կողմի պնդումները, թե առգրավված իրերը իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում, ընդգծել էր, որ կատարվել են բազմակողմանի փորձաքննություններ, ըստ որոնց՝ խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ երկու էլեկտրական դետոնատորները՝ ռազմամթերք:
«Իրերը, որոնք հայտնաբերվել են, օրինական են և ոչ մի կապ չեն կարող ունենալ այս անօրինական գործընթացների հետ: Մենք կրկնում ենք՝ մենք այս իրերը օգտագործում ենք մեր սթրայքբոլ խաղերի համար և մենք որոշել ենք մեր հետ բերել այն իրերը, որոնք դեռ ունենք մեզ մոտ». - այսօր Քննչական կոմիտեի Երևանի վարչության շենքի առջև, որտեղ երեկ տարվել էին ձերբակալվածները, բողոքի ակցիա անցկացրեցին Դաշնակցության երիտասարդները: Նրանք իրենց հետ բերել էին խաղալիք հրացաններ ու նռնակներ, ինչպես նաև՝ Դաշնակցության կարգախոսով շապիկները:
«Մենք բերել ենք այս իրերը՝ ցույց տալու, որ այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութներում: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ այս ապօրինի և ծիծաղ առաջացնող գործընթացներից և անհապաղ բաց թողնել մեր ձերբակալված՝ հայրենիքի նվիրյալ մեր ընկերներին», - հայտարարում էին ակցիայի մասնակիցները:
Երեկ ձերբակալված 7 հոգուց միայն մեկն է կալանավորված, մյուսները ձերբակալվածի կարգավիճակ ունեն: Քննչականը դեռևս տեղեկություն չի հաղորդում՝ արդյոք նրանց մեղադրանք կառաջադրվի, և եթե չառաջադրվի, երբ ազատ կարձակվեն: