Մալայզիայի մայրաքաղաքում այսօր կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների երկրորդ հանդիպումը: Այն տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինից Դոնալդ Թրամփի դժգոհության և Ուկրաինայի վրա ռուսական զինուժի լայնամասշտաբ օդային հարվածների ֆոնին՝ Կուալա Լումպուրում անցկացվող Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ մոտ 50 րոպե տևած հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Իրանի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խաղաղ լուծում գտնել հակամարտություններին, վերականգնել ռուս-ամերիկյան համագործակցությունը տնտեսական և մարդասիրական ոլորտներում։
Մարկո Ռուբիոն, իր հերթին, ասել է, որ տեղի է ունեցել «անկեղծ» և «կարևոր» զրույց, և իր ռուս գործընկերոջն է փոխանցել ԱՄՆ նախագահի դժգոհությունն ու հիասթափությունը, որ Մոսկվան ավելի ճկուն չի եղել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։
«Հուսով ենք՝ դա կարող է փոխվել, և կշարունակենք ներգրավված մնալ այն հարցերում, որտեղ փոփոխություն անելու հնարավորություն ենք տեսնում ... Հարկավոր է ունենալ ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք առաջ շարժվելու, և ինչպես է այս հակամարտությունն ավարտվելու», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ռուբիոն նշել է, որ մտքեր են փոխանակել ճանապարհային քարտեզի մասին, ապա հավելել, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը դեռ մնում է օրակարգում: Ավելի ուշ Sky News-ին ասել է, որ Մոսկվան «նոր, այլ մոտեցում» է առաջարկել, սակայն չի մանրամասնել, միայն նշել է, թե չի կարծում, որ այն խաղաղություն կերաշխավորի: Այդուհանդերձ, այն կներկայացնի նախագահին:
Մինչ այդ, Ռուսաստանը գիշերը լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի վրա: Անօդաչուներով և հրթիռներով մոտ 10 ժամ հարվածել են Կիևին, կա երկու զոհ, առնվազն 19 վիրավոր, կան ավերածություններ, վնասվել է նաև ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաալիքի խմբագրությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, թե Կիևում հարվածում են ռազմաարդյունաբերական օբյեկտների:
Կիևի բնակիչ Կարինա Վոլֆը պատմում է, որ ուժեղ պայթյուն լսելուց հետո անմիջապես փախել է ու երբ շրջվել է, բնակարանն արդեն ավերված է եղել:
«Սա ահաբեկչություն է։ Սա տեղի է ունենում ամեն գիշեր, երբ մարդիկ քնած են: Մարդկանց մեծ մասն իրենց բնակարաններում է, իրենց մահճակալներում։ Ինքս երբեք ապաստարան չեմ գնացել, ինչպես շատերն են անում, կարծում էի, որ ճակատագիրը կխնայի ինձ», - ասել է կինը:
Անդրեյ Շվեցն էլ պատմում է, որ ուժեղ պայթյունից ապակիները փրշվել են, վախից բոլորը սարսափած էին, չէին կարողանում նույնիսկ խոսել. - «Հետո դուրս եկանք և տեսանք հրդեհ է։ Ութերորդ հարկը այրվում էր ... Նրանք ահաբեկում են քաղաքացիական բնակչությանը։ Ուզում են դժգոհություն առաջացնել մարդկանց շրջանում»:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն ահաբեկչական են, և կոչ է արել արագացնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները:
Ուկրաինական կողմն էլ պատասխան հարվածներ է հասցրել Վոլգոգրադին, Սարատովին և այլ քաղաքների: Ժամանակավորապես դադարեցվել է Սարատովի օդանավակայանի աշխատանքը: Բելգորոդում անօդաչուների հարվածից կա մեկ զոհ, երկու վիրավոր:
Մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածում են միմյանց, Reuters-ը և Associated Press-ը, հղում անելով անանուն պաշտոնյաների, հայտնում են, որ ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումը, որը կասեցվել էր անցած շաբաթ: ԱՄՆ նախագահն, իր հերթին, հաստատել է մամուլի տեղեկությունները, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության ևս մեկ Patriot համակարգ փոխանցելու հարցը։
«Մենք կուսումնասիրենք խնդիրը և կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել ... Ուկրաինացիները դրա կարիքն ունեն, քանզի ցանկանում են կանխել սպանությունները։ Նրանք ուժեղ հարվածների տակ են, շատ ուժեղ։ Այնպես որ, մենք դիտարկում ենք այդ հարցը», - հայտարարել է Թրամփը:
Այս ֆոնին Հռոմում այսօր մեկնարկել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված 4-րդ համաժողովը, որը կտևի երկու օր: Համաժողովի ժամանակ Նիդեռլանդները հայտարարել է, որ 2025-2026 թվականներին Ուկրաինային 300 մլն եվրո կտրամադրի՝ երկրի վերականգնման և տնտեսության ամրապնդման համար:
Ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, որն ասել է, որ պատերազմի պատճառած ավերածությունը մեկն է այն պատճառներից, որ ԱՄՆ-ը համագործակցում է Ուկրաինայի հետ, որպեսզի խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո օգնի երկրի վերականգնմանը:
ԱՄՆ-ը գիտակցում է, որ դա հսկայական, բայց կարևորագույն խնդիր է, որը հետևանքներ կունենա եվրոպական ավելի լայն տարածաշրջանի համար, ընդգծել է նա: Ուկրաինայում ապագա ներդրումները կախված են անվտանգային կայուն իրավիճակից, քանզի ներդրողներին անհրաժեշտ է վստահություն, երաշխիքներ, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր կապահովի երկարաժամկետ անվտանգություն:
«Ահա թե ինչու խաղաղություն ապահովելու մեր ջանքերն ուղղված չեն միայն ժամանակավոր հրադադարի հասնելուն, այլ կենտրոնացած են համապարփակ և մշտական խաղաղ կարգավորման հասնելու վրա», - ասել է Քելլոգը:
Համաժողովից առաջ էլ երեկ Հռոմում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Զելենսկիի հետ քննարկել էր զենքի մատակարարման, հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և ամերիկյան զենք գնելուն վերաբերող հարցեր: