Մատչելիության հղումներ

Կալանավորված կինը 8-ամսյա դստեր հետ բանտից տեղափոխվել է բժշկական կենտրոն


Փաստաբան Զարուհի Փոստանջյանը Լիանա Հարությունյանը 8-ամսյա դստեր հետ, Երևան, 11-ը հուլիսի, 2025թ.
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը Լիանա Հարությունյանը 8-ամսյա դստեր հետ, Երևան, 11-ը հուլիսի, 2025թ.

Անցած ուրբաթ կալանավորված Լիանա Հարությունյանը 8-ամսյա դստեր հետ բանտից տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանն էր ավելի վաղ հայտնել, որ փոքրիկը հիվանդացել է, ու պնդել՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երեխայի խնամքն ապահովելու համար պայմաններ չկան:

«Երեխայի առողջության հետ կապված՝ նրան տեղափոխել են այս բժշկական կենտրոնը Աբովյանում: Երեխան հիմա ստաբիլ, կայուն վիճակում է գտնվում, համապատասխան բուժօգնություն են ցույց տվել», - փոխանցեց փաստաբանը:

Ըստ Փոստանջյանի՝ բանտային սննդից երեխայի աղիներն են խանգարվել։ Հիմա փոքրիկը բժիշկների հսկողության տակ է։ Բժշկական հաստատությունից հայտնում են՝ նա առողջական որևէ բարդացում չունի։

Պաշտպանի պնդումներին, թե բանտում ոչ միայն համապատասխան մանկական սնունդ չկա, այլև խցում տարրական պայմաններ չկան մանկահասակ երեխայի խնամքն ապահովելու համար, հերքել էին Քրեակատարողական ծառայությունից, նաև լուսանկարներ հրապարակել խցից։ Բայց պաշտպանն ասում է՝ խցում շոգ է, օդորակիչ չկա, անգամ՝ վարագույր։ Մանկահասակ երեխայի հետ մնալ սենյակում հնարավոր չէ։

Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։

Իրավապահները պնդում են, թե երիտասարդ կինն անմիջական մասնակցություն է ունեցել Հնդկաստանի քաղաքացիներին Եվրամիության երկրներ և ԱՄՆ մեկնելու համար «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ձևականորեն ընդունվելու քննարկմանը։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը նպաստել է հանցավոր համաձայնության ձեռք բերմանը: Բայց թե կոնկրետ ինչպես է Լիանա Հարությունյանը նպաստել, իրավապահների ձևակերպմամբ, հանցավոր համաձայնությանը, մեղադրանքում չի ներկայացվում.

«Դավիթ Մադոյանը Հնդկաստանի Հանրապետության նշված 11 քաղաքացիներին համալսարան ուսման ձևականորեն ընդունելու դիմաց շահադիտական նպատակով՝ յուրաքանչյուր դիմորդի համար իբրև մեկ տարվա ուսման վարձավճար, պահանջել և Գուրվինդեր Կումարից Լիանա Հարութունյանի ներկայությամբ 2023 թվականի հուլիսի 12-ին ստացել է 13.750 ԱՄՆ դոլար գումար, մեկ անձի հաշվարկով՝ 1.250 ԱՄՆ դոլար, ինչպես նաև ևս 350 ԱՄՆ դոլար՝ Գուրվինդեր Կումարին համալսարան ուսման ձևականորեն ընդունելու համար, որի կապակցությամբ թղթի կտորի վրա ձեռագիր կազմել և Լիանա Հարութունյանին հանձնել է գումարի ստացման հանգամանքը հաստատող օտարալեզու գրառում»:

Ընդ որում՝ գործող անցնող մյուս երեք քաղաքացիները, որոնց մեղադրանքները ավելի ծանր են, ազատության մեջ են, միայն օժանդակության համար մեղադրվող Հարությունյանն է կալանքի տակ։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ երեք անչափահասների, այդ թվում՝ մանկահասակ երեխայի մոր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց պետք է կիրառվեր։

Փոստանջյանը կարծում է՝ եթե կազմակերպվել է անօրինական միգրացիա, դա անհնար էր առանց պատկան մարմիների որոշ ծառայողների իմացության։ Մինչդեռ գործում պետծառայողներ չկան։

«Եվ առաջին իսկ օղակը, ով որ, եթե ապօրինի ինչ-որ միգրացիա կա, կամ ինչ-որ տարրեր կան, չնայած ես այստեղ էդ դեպքով նույնիսկ դա չեմ տեսնում, այս դեպքով ես չեմ տեսնում, առաջին նրանց դիմավորողները Հայաստանի Հանրապետության իշխանություններն են՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Ազգաին անվտանգության ծառայության: Այսինքն՝ ո՞վ էր իրենց դիմավորել; Կներեք, Լիանա Հարությունյանը էդ մարդկանց ոչ ճանաչել է, ոչ էլ, ոչ դիմավորել է, ոչ ինչ-որ մի տեղից կանչել է, և այլն, և այլն: Այսինքն՝ ո՞վ էր, որ նա կարողանար օժանդակել ապօրինի միգրացիային: Սա ուղղակի աբսուրդի ժանրից է», - ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Հարությունյանի պաշտպանն «Ազատությանը» ավելի վաղ ասել էր, որ կալանավորման հիմքը նիստերից մեկից Հարությունյանի բացակայությունն է։ Փաստաբանը հիմանավորել էր, թե այդ բացակայության պատճառը հանրային պաշտպանից Հարությունյանի դժգոհությունն է եղել, ցանկացել է նրան փոխել։ Այդ բացակայությունից հետո դատարանը սկզբում բացակայության արգելք խափանման միջոցը փոխել է տնային կալանքով՝ այն հնարավոր չի եղել, քանի որ Հարությունյանի վարձատուն հրաժարվել է նրան գրանցել իր հասցեում, հետո էլ՝ կալանքով։

Մինչ Հարությունյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումն անհիմն է, դատավոր Արշակ Մաթևոսյանը կալանքի որոշման տեքստում հակառակն է հիմնավորել, թե տվյալ դեպքում կալանքից առավել մեղմ խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։

«Քանի որ մեղադրյալ Լիանա Ժուլիվերի Հարութունյանը չի վկայակոչել իր ոչ օրինական վարքագիծն «արդարացնող» որևէ հիմնավոր կամ համոզիչ փաստարկ, և վերոգրյալի պայմաններում ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ նույնիսկ տնային կալանքի դեպքում մեղադրյալն այս կամ այն պատճառաբանությամբ կարող է կրկին հրաժարվել դատարանի կանչով ներկայանալու իր պարտականության կատարումից», - ասված է որոշման մեջ:

Երիտասարդ կնոջ փաստաբանն արդեն բողոքարկել է խափանման միջոցը։ Երեք անչափահաս երեխաների մորն ազատ արձակելու համար երաշխավորություն են տրամադրում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կին պատգամավորները։ Իսկ արդյո՞ք իշխող ուժում ևս քննարկում կա այդ մասով։ «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ մի քանի կին պատգմավորներով դիտարկել են երաշխավորագիր տալու հարցը, որոշում դեռ չունեն, խմբակցության կազմով էլ քննարկում չի եղել։

Մինչդեռ անցած տարի իշխող ՔՊ-ի պատգամավորներն իրենց անձնական երաշխավորությունն էին տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի փոփոխության համար։ «Սիներջի»-ի գործով անցնող Անի Գևորգյանը կրծքի երեխա ունենալով հանդերձ՝ ևս կալանավորվել էր։

Լիանա Հարությունյանի պաշտպանները նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել՝ հրատապ միջոց կիրառելու համար։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG