Պաշտպանյալի 8 ամսական բալիկը գրկին՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատարանի բակում քանի ժամ սպասում էր դատավորի որոշմանը, որ հասկանա՝ ինչպես կազմակերպի կնոջը բանտ տեղափոխելը, ինչպես լուծի երեխայի՝ մոր մոտ մնալու հարցերը:
«Հիմա երեխան չգիտենք ինչ է անելու՝ գնա մոր հետ կալանավայր, դա ոնց են կարգավորելու, ոնց ենք փոխանցելու երեխային, էս փոքրիկին, էն մեծերը ինչ պետք է լինեն, չեմ կարող ասել: Ամուսին ունի, բայց էստեղ, ո՞վ պետք է աշխատի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը:
Դատավորն այսօր երեք ամսով կալանավորել է Լիանա Հարությունյանին: Որոշումը լսելուն պես կինը խուճապի մատնվեց, սկսեց բարձրաձայն լացել. նա երեք անչափահաս երեխա ունի, ամենափոքրը՝ ութ ամսական:
«Երեք ամսով կալանքի տակ են պահում ... առանց որևիցե հիմքի, և մինչև հիմա էլ դեռ որոշումը չի տվել, որ բողոքարկեմ Վերաքննիչ», - դատարանի դահլիճում հայտարարում էր փաստաբանը:
Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ կինը դատարանի ներսում է, դատարանի որոշումը ստանալուն պես Լիանային կտեղափոխեն կանանց գաղութ. - «Հիմա Լիանան դատարանում է, սպասում եմ նախ կալանքի որոշման, որովհետև մինչև հիմա կալանքի որոշումը ինձ չի տրամադրվել: Եղել է թարգմանիչ, մի քանի անգամ թարգմանություններ է արել Հնդկաստանի քաղաքացիների համար, և այդ թարգմանությունների ներքո նրան շուրջ 9 ամիս կամ մեկ տարի հարցաքննել են որպես վկա, վերջում մեղադրանք են առաջադրել՝ որպես օժանդակողի»:
Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար, թարգմանիչ է եղել, մեղքը չի ընդունում:
«Կանչել են դատարան՝ նիստի, որպեսզի, չգիտեմ, ծանուցագիր է ստացել, ինձ է դիմել և ասել է, որ ինքը ունեցել է նախկինում ինչ-որ հանրային պաշտպան, որից նա հրաժարվել է, դատարանին այդ մասին տեղեկացրել է, մինչդեռ դատարանը այդ մասով իր բողոքները և միջնորդությունները չի բավարարել: Ինքը ասել է, որ «մինչև ինձ փաստաբան չտրամադրեք, չեմ կարող գալ նիստի», - պատմեց Զարուհի Փոստանջյանը:
Դատավոր Արշակ Մաթևոսյանն այսօր որոշեց կնոջը կալանավորել, ինչ է թե կինը բացակայել է մի նիստից, քանի որ հրաժարվել է հանրային պաշտպանից: Ու թեև այդ մասին տեղեկացրել էր դատարանին, բայց դա չօգնեց կնոջը, որ չհայտնվի ճաղերից այն կողմ:
«Ապօրինի իբրև թե միգրացիայի կազմակերպիչներին, ես չեմ հավատում, որ նրանք կարող էին նման ապօրինի միգրացիա կազմակերպել, նրանք էլ են, ես կարծում եմ, անմեղ՝ այդ մարդիկ, այդ մարդկանց ազատ է արձակել, այսինքն՝ նրանց խափանման միջոցը կալանավորում չէ, բայց Լիանայի նկատմամբ որոշել է ընտրել խափանման միջոց կալանավորում, այն էլ՝ երեք ամիս ժամկետով», - ասաց Փոստանջյանը:
Ըստ «Դատալեքս»-ի նյութերի՝ Լիանա Հարությունյանը օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին: Նրանք էլ, ըստ մեղադրանքի, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված երկու հոգու հետ, շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ կազմակերպել են Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կինը երեխայի հետ արդեն Աբովյանի բանտում է: