Իրանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, ըստ որի՝ Թեհրանը չպետք է վերսկսի միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, մինչև Վաշինգտոնը չիրագործի Իրանի առաջադրած նախապայմանները։ Թե որոնք են այդ նախապայմանները, խորհրդարանը չի հստակեցրել, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախկինում հայտարարել է՝ անհրաժեշտ են երաշխիքներ, որ Թեհրանի դեմ ապագայում հարձակումներ չեն լինի։
Անցյալ շաբաթ Արաղչին նաև վերահաստատել էր՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանը չի համաձայնի մի գործարքի, որը Թեհրանին կպարտավորեցնի հրաժարվել ուրանի հարստացումից։
Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ հայտարարել է, թե Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը կվերականգնեն պատժամիջոցները Իրանի նկատմամբ, եթե մինչև օգոստոսի վերջը Թեհրանի հետ միջուկային հարցով համաձայնություն չկնքվի: