Հայաստանով անցնող ճանապարհի հարցում «արտապատվիրակումը» համեմատել օդանավակայանի կամ երկաթուղու հավատարմագրային կառավարման հետ, նշանակում է աշխատել լսարանի անտեղյակության հետ, սա շատ վտանգավոր մոտեցում է, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ու մանրամասնում՝ շատ պետություններ են ազգային ենթակառուցվածքը հանձնում մասնավորի կառավարմանը կամ անգամ օտարվում, բայց չկա պետություն, որը իր տարածքով անցնող որևէ կոմունիկացիոն գործառույթ հանձնի հավատարմագրային կառավարման, եթե դա վիճելի գոտի չէ: Այսպիսով այս քննարկումն իսկ չբացառելը արդեն իսկ վտանգավոր երևույթ է:
«Բայց երբ որ հայտարարում ենք, որ Սյունիքն ու այդ ճանապարհը մեր լիարժեք ինքնիշխան ու տարածքային ամբողջության շրջանակում գտնվող մեր տարածքն է, մենք ինչի՞ հիման վրա ենք քննարկում որևէ արտապատվիրակում: Երբ օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով դիտարկվում էր այդտեղ ինչ-որ ռեժիմ, սա կարելի էր հասկանալ, որովհետև կար Լաչինի միջանցքի փոխադարձությունը, կարող էին լինել քննարկումներ և այլն, բայց ընդհանուր տրամաբանությունը կարող էր լինել հասկանալի, կար փոխադարձությունն, ու այստեղ Հայաստանը կարող էր քննարկել ինչ-որ այլ ռեժիմ՝ նրա հետ համեմատության եզրեր գտնելու համար: Հիմա երբ անգամ այդ հարցը չկա, ինչի՞ հիման վրա է Հայաստանը քննարկելու որևէ արտապատվիրակում: Սա է, որ բերում է այն մտքին, որ եթե չկա փոխադարձության որևէ հիմք, մոդել, սա նշանակում է Հայաստանի տարածքը միակողմանի ճանաչել վիճելի տարածք», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Խորհրդարանական ընդդիմությունը ևս Նիկոլ Փաշինյանի այս համեմատությունը համարում է վտանգավոր, նկատելով նաև, որ Փաշինյանը Երևանում ճանապարհի կառավարման արտապատվիրակումը սկսեց համեմատել անհամադրելի երևույթի՝ օդանավակայանի հավատարմագրային կառավարման հետ, Ստամբուլում Էրդողանի և Աբու Դաբիում Ալիևի հետ բանակցություններից հետո, որոնց բովանդակության մասին այդպես էլ շատ բան հայտնի չդարձավ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցությունից Գեղամ Մանուկյանն այդ համեմատությունը համարում է փարիսեցիություն:
«Իրականում բանավոր խոստումների, պայմանավորվածությունների հերթական փուլ է մտնում Հայաստանը, որն իշխանությունն իրականացնում է գաղտագողի և վերջում հայ ժողովրդին կանգնեցնում փաստի առաջ», - ասաց Մանուկյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցությունից Հայկ Մամիջանյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարած կարմիր գծերից կարող է հետ կանգնել:
«Ակնհայտ է, որ Փաշինյանն ուղիղ կերպով չի պատասխանում հարցին, փորձելով դա ձևակերպել իբր դեռևս չկայացված որոշում, բայց պատասխանում՝ ինչի շուրջ են բանակցությունները ընթանում: Նախորդիվ բանակցային փորձը խայտառակություն է, ապապետական որոշումներ են, ուստի խորը կասկածներ կարող են լինել, որ այպես կոչված իր համար կարմիր գիծը, այն է՝ մեր անկախությունը, սուվերենությունը, իր համար կարմի գծեր չեն, ու ինքը կարող է նաև դրանք զոհաբերել, հանձնել: Որևէ կերպ չեն քննարկվում Հայաստանի շահերը, նույնիսկ ապաշրջապակման տրամաբանության մեջ: Նույնիկս հարցին՝ Հայաստան-Հայաստան Ադրբեջանով անցնող կապուղիներն ինչպե՞ս են գործելու, ի՞նչ երաշխիքներով, պատասխանեց՝ դե մենք հնարավորությունը կտանք, ուզում են, թող օգտվեն, չէ՝ չէ: Սա է իր մոտեցումը Հայաստանի Հանրապետության թե՛ անվտանգությանը, թե՛ արտաքին քաղաքականությանը», - նշեց Մամիջանյանը:
Ինչ վերաբերում է Խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրման և ոչ թե ստորագրման մասին վարչապետի հայտարարություններին, ապա այստեղ էլ ընդհանուր կարծիք կա, որ սա առաջիկա ընտրությունների նախընտրական արշավին Հայաստանի հանրությանը ներկայացնելու համար պատրաստվող փաստաթուղթ է: