Մատչելիության հղումներ

«Հույս չկա». արցախցիները Կառավարության շենքի մոտից հեռացան դառնացած


Արցախցիներն ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում, 14-ը հուլիսի, 2025թ.
Արցախցիներն ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում, 14-ը հուլիսի, 2025թ.

Արցախցիները Կառավարության շենքի մոտից հեռացան դառնացած, շաբաթ երեկոյից նախ՝ Ազատության հրապարակում, ապա՝ Կառավարության շենքի մոտ իրականացրած նստացույցը այսօր կեսօրին ավարտեցին:

«Հույս չկա», - ասացին Կառավարությունում ընդունելությունից դուրս եկած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները:

Խորհրդի կազմից չորս հոգու կառավարությունում ընդունել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Չգիտեմ, կամ այլ մոլորակում ենք ապրում, զուգահեռ իրականությունում ենք ապրում, որ չեն տեսնում, որ մարդիկ իրապես ծանր իրավիճակում են», - հայտարարեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

Ըստ նրա՝ հրատապ է արցախցիների բնակվարձի տրամադրման ծրագրի վերականգնումը, այն հիմա միայն խոցելի մի քանի խմբի է տրվում, այնինչ բոլոր տեղահանվածներն ունեն այդ գումարի կարիքը, քանի դեռ բնակարանային ծրագիրը, որքան էլ որ բարեփոխվել է, դեռ հասանելի չէ բոլորի համար: «Ոչ, բայց կառուցողական ենք», - ասել են Կառավարությունում:

«Ժամանակ է պետք, որ մարդիկ քաղաքացիություն ստանան, ժամանակ է պետք, որ ձեռք բերված սերտիֆիկատը կարողանանք իրացնել: Էս պահի դրությամբ 1900 սերտիֆիկատ կա տրամադրված, 25 հազար շահառու ընտանիքի մասին է խոսքը, ընդամենը 1900 սերտիֆիկատ է տրամադրված, որից իրացված է 300-400-ը: Ժամանակ է պետք, որ մարդիկ գտնեն էն բնակավայրը, որտեղ իրենց ամբողջ կյանքն ապրելու են, էդ ամբողջ ժամանակահատվածում մարդիկ որտե՞ղ ապրեն», - ասաց Ստեփանյանը:

Գործարկված բնակարանային ծրագրով 3, 4 և 5 միլիոն դրամի սերտիֆիկատ է տրվում ամեն անձին՝ նայած թե որ բնակավայրն են ընտրում: Այդ փողով տուն գտնելը հեշտ գործ չէ, իսկ մինչև այդ որտե՞ղ ու ինչո՞վ ապրեն մարդիկ, հարցնում են:

«Մարդկանց՝ դրսում մնալը հիմնավոր չէ իրենց համար», - նշեց Ստեփանյանը:

Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շեշտում է՝ փորձագիտական ուսումնասիրություն ունեն՝ արցախցիների 80 տոկոսն աղքատության մեջ է ապրում:

«Քանի որ բնակվարձի աջակցությունն էլ դադարեցրել են, այս ամիս և հաջորդող երկու-երեք ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ աճելու է», - ասաց Բեգլարյանը:

Ի դեպ, մինչև խորհրդի անդամներին կընդունեին Կառավարությունում, բակում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը: Նա կարծում է , որ Կառավարությունն իր հնարավորությունների չափով ամեն ինչ արել ու անում է արցախցիների համար: Իսկ բնակարանային ծրագրի մասով ասում է՝ Հայաստանում միայն արցախցիները չեն, էլի անօթևաններ կան:

«Ի՞նչ տարբերություն, անօթևանը անօթևան ա: Տուն չունեցողը տուն չունեցող է», - հայտարարեց Չախոյանը:

Արցախցի մի կին մոտեցավ Կառավարության ներկայացուցչին, ասաց՝ տուն չի ուզում, իր տունն է ուզում Արցախում:

«Ես էլ եմ ուզում՝ Հայաստանի Հանրապետությունը լիներ ծովից ծով», - արձագանքեց պաշտոնյան:

Շաբաթ օրը հրավիրած հանրահավաքն ու դրան հետևած նստացույցի երկու անքուն գիշերները ոչ մի արդյունք չտվին: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներից Ապրես Մարգարյանը հայտարարեց՝ գործողությունները դադարեցնում են, հանրային մեծ համախմբում արցախցիների խնդրի շուրջ՝ չստացվեց:

«Միգուցե ներքաղաքական վիճակը, միգուցե այլ խնդիրներ, բայց այն օրակարգը, որը մենք հայտարարեցինք՝ համահայկական օրակարգ Արցախի շուրջ, փաստորեն չստացվեց: Շատերը, ունենք գործիչներ, որ ուղղակի տեսախցիկների առջև են խոսում և այլն», -նշեց Ապրես Մարգարյանը:

«Վերակազմակերպվենք, հասկանանք՝ ինչ ենք անելու», -ասաց Մարգարյանը, նաև տեղեկացրեց՝ դուրս են գալու Արցախի ներկայացուցչության սենյակից:

Առավել մանրամասն՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.



XS
SM
MD
LG