Մատչելիության հղումներ

Դաշնակցության 7 անդամ՝ ճաղերից այն կողմ


Քաղաքական ճնշումնե՞ր, թե՞ ահաբեկչության նախապատրաստության նոր բացահայտում: Մինչ Քննչականը պնդում է, թե Դաշնակցության շարքերում հանցագործության փորձ է բացահայտել, կուսակցությունը հերքում է իր 7 ձերբակալված անդամների ներգրավվածությունը որևէ հանցավոր արարքում:

«Այս իշխանությունն այնքան վախերի մեջ է, և ռեպրեսիաները որ շարունակվում են, իրականում իրենց վախերի արդյունքն է», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ում որդին ևս ձերբակալվածների շարքում է:

«Խորհրդանշական օրերը շար կարևոր են՝ որ օրը ինչ է անում: Մայր Աթոռ ներխուժելու, Էրդողանի հետ հանդիպման օրը, կհիշեք՝ ձերբակալություն, այսօր Ալիևի հետ է հանդիպում, և պետք է հիշեք, որ ադրբեջանցիներն ու թուրքերը պարբերաբար խոսում են Հայաստանում ռևանշիզմը արմատախիլ անելու, թույլ չտալու մասին: Եվ բնականաբար, երբ որ խոսում են, առաջինը աչքներին գալիս է Դաշնակցությունը», - ասաց դաշնակցական պատգամավորը:

Մանուկյանը պատմեց, որ խուզարկության ժամանակ իրենից ուժով առգրավել են իր հեռախոսը: Նախ զննել էին հեռախոսն ու հետաքրքրվել մի անունով, որը հիմա իշխանական շրջանակներով փորձում են թիրախավորել, ասում է պատգամավորը՝ հրաժարվելով հրապարակել այդ մարդու անունը:

«Փորձեցին առգրավել հեռախոսս, ասում եմ՝ Ազգային ժողովի պատգամավորի հեռախոս է, անձեռնմխելիության հարց կա, բայց ոչ մի բան չգտան, սկսեցին մանրամասն թղթերս նայել՝ բանտային, 90-ականների գրառումներս, դիպլոմային աշխատանքս ... Մեկ էլ շատ անակնկալ առանձին հրավիրեցին բալկոն ու հեռախոսս փորձեցին խլել, քաշքշուկ եղավ, բայց շատ էին, կարողացան տանել», - նշեց նա:

Գեղամ Մանուկյանի որդու ու մյուսների տներում խուզարկություններից հետո Քննչականը լուսանկարներ հրապարակեց, հայտարարեցին՝ առգրավել են էլեկտրական դետոնատոր, որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասերը, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ, վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Իրավապահները հետաքրքրվել ու որպես առերևույթ հանցագործության ապացույց առգրավել են նաև Դաշնակցության ավելի քան մեկդարյա կարգախոսով շապիկը՝ «Մահ կամ ազատություն»:


Նոր արշավ են սկսել, վստահ է պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Իրենք իրենցից վախենալով, իրենք իրենցից ահաբեկվելով, ահաբեկելով ժողովրդին, փորձում են կեղծ պատկերներ ստեղծել: Հիմա էլ ներկայացնում են, թե իբր ահաբեկչության նախապատրաստություն, եսիմ ինչ հիմարություններ, էդ ձևակերպման ներքո նոր արշավ են սկսել: Մանկապարտեզ էլ չի սա, ես չգիտեմ՝ սա ինչ է: Ավելին՝ բացահայտ խախտում են անգամ միջազգային իրավունքով, Սահմանադրությամբ, օրենքով երաշխավորված տարրական մարդու իրավունքը», - ընդգծեց Մինասյանը:

Քննչականի փոխանցմամբ՝ արդեն մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստության հոդվածով: Նա Դաշնակցության երիտասարդական միության անդամ Անդրանիկ Չամիչյանն է:

«Որոշներդ ծանոթ եք, լսել եք էսպես կոչված փեյնթբոլ կամ սթրայքբոլ խաղերը: Դա ինչ է՝ երևի մի 20 տարի-25 տարի գոյություն ունեցող խաղ է, ես դրանցից մեկը խաղացել եմ, տարբերությունը ոնց որ էական չի՝ փեյնթբոլի և սթրայքբոլի, դա թիմային խաղ է, երկու թիմի են բաժանվում, պնևմատիկ հրացանով, այսինքն՝ շարիկ կրակող, էսպես ասած, տարբեր, բնության գրկում, ինչ-որ շենքերում, բաներում, երկու թիմի բաժանվելով՝ տարբեր առաջադրանքներ են կատարում», - լրագրողների հետ զրույցում ասաց Չամիչյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, պնդելով՝ իր պաշտպանյալի մոտից հայտնաբերել են այսպես կոչված խաղալիք պայթուցիկ, որով սպորտային խաղեր են խաղում: Դաշնակցությունն էլ այսօր հրապարակեց մարտին սթրայքբոլի խաղերի կադրերը:

«Զավեշտալի դրվագ կա, դրան էս պահին չեմ անդրադառնում, թե ոնց է լինում, որ ոստիկանության ձեռքում է հայտնվում, բայց ոստիկանության ձեռքում հայտնվում է մի տոպրակ, որտեղ էդ մարդու էդ խաղային բաներն են՝ ինչ-որ, տենց, խաղալիք պայթուցիչ՝ էդ սթրայքբոլի համար, և նմանաբնույթ բաներ», - ասաց Մելիքյանը:

Քննչականի շենք տարված երիտասարդների փաստաբաններն այսօր մոտ երեք ժամ փորձում էին ներս մտնել, հանդիպել պաշտպանյալներին, բայց նրանց դա այդպես էլ չհաջողվեց: Գլխավոր մուտքն ու հետնամուտքը շրջապատված էր ոստիկաններով, այդ ընթացքում ներս թողեցին միայն փաստաբանների ահազանգով եկած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին:

Տարոն Մանուկյանի փաստաբանը տարակուսած էր: «Ի սկզբանե Տարոն Մանուկյանը հենց իր բնակարանում հայտարարել է, որ ես պետք է իրականացնեմ իր պաշտպանությունը, քննչական մարմնում հայտարարել է, և արգելում են մուտք գործել՝ պատճառաբանելով, որ որևէ քննչական գործողություն չեն կատարում: Բայց ինքնին քննչական գործողության չկատարումը, եթե անգամ հալած յուղի պես ընդունենք ու հավատանք քննչական մարմնի այդ հայտարարությանը, դեռևս պատճառ չի, որպեսզի պաշտպանը չկարողանա տեսակցել իր պաշտպանյալին», - նշեց Աբգար Պողոսյանը:

Պողոսյանն ու մյուսների պաշտպանները մի քանի ժամից հայտարարեցին՝ եթե իրենց թույլ չեն տալիս ներս մտնել, կհեռանան տարածքից: Փաստաբաններից Վարազդատ Հարությունյանն ասում էր, որ ծիծաղելի է Անդրանիկ Չամիչյանի մոտ պահված սթրայքբոլի պարագաները որպես հանցագործության գործիք ներկայացնելը:

«Ակնհայտ է դառնում միտումը, որ ստեղ ցուցմունք լսելու, ցուցմունքից օբյեկտիվ իրականությունը պարզելու և ըստ դրա առաջնորդվելու որևէ նպատակ Քննչական կոմիտեն չունի: Էստեղ նպատակը ... էդ շոուն կազմակերպելն է, որ գնան, ինչ-որ, Հանրայինի եթերներից ասեն՝ «ահա՜, սա էլ երկրորդ ահաբեկչական գործողությունը», կամ կապեն, օրինակ, Բագրատ սրբազանի, ինչ-որ, գործի հետ», - հայտարարեց Վարազդատ Հարությունյանը:

Քիչ անց փաստաբաններին ներս կանչեցին, բայց նրանք հրաժարվեցին: Փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց՝ հաշվի առնելով «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա համախոհների գործը, որով նրանց մեղադրում են ահաբեկչության ու իշխանազավթման փորձի համար, իրենց մասնակցությամբ չեն ուզում լեգիտիմացնել իրավապահների անօրինականությունները:

Փաստաբաները կասկած չունեն, որ իրավապահներն այս գործը կդիտարկեն Գալստանյանի գործի շրջանակում, թե իսկապես ահաբեկչության փորձ են կանխել:

«Սա հերթական ահաբեկչական ինչ-որ իբր խմբավորում հայտնաբերելն է լինելու», - ասաց Սերգեյ Հարությունյանը:

Քննչական կոմիտեից ավելի ուշ փոխանցեց՝ փաստաբանների մուտքը չեն արգելել, նրանց պետք է կանչեին այն ժամանակ, երբ օրենքն է թույլ տալիս: Մինչդեռ փաստաբանները պնդում են՝ այն պահից, երբ քաղաքացին ձերբակալվում է, նրա կողքին անհապաղ պետք է փաստաբան լինի, իսկ Քննչականն իրենց անգամ թույլ չէր տալիս դիմում փոխանցել՝ ձերբակալվածին պաշտպանելու համար:

Քննչականը նաև հայտարարում է՝ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական դետոնատորները՝ ռազմամթերք:

Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպանն այսօր հորդորեց չխախտել անմեղության կանխավարկածը վերջին հնչեղություն ստացած գործերով, երբ չկան ուժի մեջ մտած վճիռներ: «Դա կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը», - գրել է Անահիտ Մանասյանը:

Վերջին գործերով մեղադրյալներին առանց դատարանի վճռի «տեռորիստներ» անվանող իշխանականներին Պաշտպանի հայտարությունում կոնկրետ անդրադարձ չկա: Պաշտպանը հատկապես վտանգավոր է համարում իրավապահների կողմից անմեղության կանխավարկածի խախտումներն այն դեպքում, երբ նրանք ի պաշտոնե պարտավոր են ոչ թե հիմնավորել անձի մեղավորությունը, այլ՝ անկախ, օբյեկտիվ, անկողմնակալ քննություն իրականացնել:

«Այս սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն», - գրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Օրենքով այսօրվա ձերբակալվածներին անազատության մեջ կարող են պահել մինչև 72 ժամ, ինչի ընթացքում կա՛մ պետք է մեղադրանք առաջադրեն, կա՛մ ազատ արձակեն: Քննչականը դեռևս չի մանրամասնում, թե ինչ կհետևի ձերբակալություններին:

XS
SM
MD
LG