Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանից՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում առաջընթաց չգրանցելու համար, և խոստացել է երկուշաբթի օրը «կարևոր հայտարարություն» անել այս թեմայով` առանց մանրամասներ ներկայացնելու: Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային զենք տրամադրել ՆԱՏՕ-ի միջոցով, սակայն դրա համար կվճարի արդեն ՆԱՏՕ-ն:
«Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վճարում է այդ զենքի համար։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում, հետևյալն է. զենքը գնում է ՆԱՏՕ-ին, հետո ՆԱՏՕ-ն այդ զենքը տալիս է Ուկրաինային, և ՆԱՏՕ-ն է վճարում այդ զենքի համար», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Reuters-ը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրի, գրում է, որ Թրամփն իշխանության գալուց ի վեր առաջին անգամ զենք կուղարկի Ուկրաինա՝ օգտագործելով նախագահական արտակարգ լիազորությունները, որոնք թույլ են տալիս որոշում կայացնել առանց Կոնգրեսի հաստատման: Մինչ օրս Ուկրաինան ստացել է Ջո Բայդենի վարչակազմի օրոք հաստատված օգնությունը:
Նոր փաթեթի արժեքը կարող է կազմել մոտ 300 միլիոն դոլար և ներառել հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի, ինչպես նաև միջին հեռահարության հրթիռներ: Սակայն վերջնական որոշում դեռ չկա:
Կրեմլի խոսնակը, անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի միջոցով է շարունակելու զենքի մատակարարումն Ուկրաինային, ասել է, որ դա պարզապես բիզնես է: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կիևից սպասում են առաջարկներ ռուս - ուկրաինական ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ: Նաև սպասում են Թրամփի «կարևոր հայտարարությանը». - «Մենք սպասում ենք այդ հայտարարությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ուներ նախագահ Թրամփը։ Մենք ուշադիր հետևում ենք ԱՄՆ առաջնորդի մեկնաբանությունների բոլոր նրբություններին»:
Մինչ ԱՄՆ-ը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի միջոցով է Ուկրաինային զենք տրամադրելու, Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում, որն անցկացվում է Հռոմում, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ստեղծվել է Ուկրաինայի վերակառուցման գլխավոր հիմնադրամ: Իտալայի վարչապետ Ջորջիա Մելոնին էլ տեղեկացրել է, որ համաժողովի մասնակիցները մինչև 10 մլրդ եվրո են խոստացել տրամադրել հիմնադրամին՝ Ուկրաինայի վերականգնման համար:
«Անկախ նրանից՝ մեզ դուր է գալիս, թե՝ ոչ, Ուկրաինայում տեղի ունեցողն ազդում է մեզանից յուրաքանչյուրի վրա։ Կարծում եմ՝ հենց դրա համար էլ մենք պետք է հպարտանանք այն արդյունքով, որին այսօր բոլորս միասին հասնում ենք», - հայտարարել է Մելոնին:
Ուկրաինայի նախագահը համաժողովից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե տվյալներ ունեն, որ Ռուսաստանը նախատեսում է օրական 700-1000 անօդաչու արձակել Ուկրաինայի վրա: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ այդ հարվածներին դիմակայելու համար Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության ավելի շատ միջոցներ և ներդրումներ անօդաչուների արտադրության ոլորտում: Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ռազմական օգնության վերսկսման վերաբերյալ քաղաքական բոլոր անհրաժեշտ ազդակները։ Եվ հիմա աշխատում են՝ ապահովելու, որ ամեն ինչ ժամանակին հասնի Ուկրաինա։
«Կարևոր է, որ նախագահ Թրամփի հետ շատ կառուցողական և շատ դրական բանակցություններից հետո մենք ունենք օգնության մատակարարման վերսկսման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ քաղաքական ազդակները., - ասել է Զելենսկին:
Այս ընթացքում իրավիճակը ռազմաճակատում մնում է լարված: Ռուսական զինուժը շարունակել է օդային հարվածները: Խարկովում կա երկու զոհ, ինը վիրավոր, ևս մեկ զոհ՝ Զապորոժիեում, 11 մարդ էլ տուժել է Օդեսայում: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Դոնեցկում:
Ուկրաինական զինուժի հարվածներից Բելգորոդում սպանվել է երեք մարդ, մեկական զոհ էլ կա Տուլայում և Լիպեցկում: Մոսկվայի չորս օդանավակայաններից երեքը կասեցրել են աշխատանքը: Մոսկվայի մարզում Ուկրաինան հարվածել է ավիացիոն գործարանի, և հրթիռների արտադրության օբյեկտի՝ Տուլայում։
Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մշտադիտարկման առաքելությունը հայտնում է, որ հունիսին գրանցվել է վերջին երեք տարում քաղաքացիական բնակչության շրջանում ամսական զոհերի ամենաբարձր ցուցանիշը՝ 232 զոհ և ավելի քան 1300 վիրավոր: Դա նաև կազմում է հունիսի զոհերի ընդհանուր թվի 53 տոկոսը: Պատճառը, ըստ զեկույցի, հրթիռների և անօդաչուների հարվածներն են: Նաև հունիսին Ռուսաստանից Ուկրաինա արձակված հրթիռների, անօդաչուների քանակն ավելի քան 10 անգամ գերազանցել է 2024-ի հունիսի ցուցանիշը։
Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա Անատոլի Խրապչինսկին «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, թե Ռուսաստանը հասկացել է, որ միաժամանակ ամբողջ Ուկրաինային հարվածելը նույն ազդեցությունը չի ունենում, ինչ հարվածները մեկ քաղաքի վրա կենտրոնացնելը: Ըստ նրա՝ այս մարտավարությունը հնարավոր դարձավ հարվածային անօդաչուների թվի աճի շնորհիվ, որոնք էժան են, Ռուսաստանը դրանք արտադրում է Իրանից և Չինաստանից մատակարարվող բաղադրիչներով։ Բացի այդ՝ Ռուսաստանն ակտիվորեն արդիականացնում է իր բալիստիկ հրթիռների զինանոցը և փորձում է ծանրաբեռնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը՝ հարվածների թիվն ավելացնելով:
«Դրանք արդյունավետորեն որսալու համար Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հրթիռներ և ռադիոտեղորոշման միջոցներ: Ռուսաստանը շարունակում է որոնել բացեր Ուկրաինայի օդային տարածքում՝ ավելի ակտիվ գործելու համար», - ընդգծել է Խրապչինսկին:
Այս ֆոնին Եվրամիության դիվանագիտության ղեկավար դատապարտել է Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա Ռուսաստանի վերջին օրերի հարձակումները՝ անընդունելի համարելով դրանք: Կայա Կալլասը նաև հայտնել է, որ Բրյուսելը քննարկում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը հնարավորություն կտա Ռուսաստանին զրկել պատերազմը ֆինանսավորելու միջոցներից։