ԵՄ դիվանագիտության ղեկավարը դատապարտում է Ռուսաստանի վերջին օրերի հարձակումները Ուկրաինայի վրա, ազդարարելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների հնարավոր նոր փաթեթի մասին։
Անցած օրերին Ռուսաստանը սաստկացրել է հարվածները Ուկրաինայի բնակավայրերի վրա՝ հարձակումներ իրականացնելով անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Հարձակումների այս ալիքը համարվում է ամենազանգվածայինը ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմի ընթացքում։
«Ռուսաստանը մեծացրել է քաղաքացիական անձանց դեմ իր հարձակումները՝ իրականում որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու համար... սա անընդունելի է», - հայտարրաել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Եվրամիության պաշտոնյան հայտնել է, որ Բրյուսելը քննարկում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, և «բանակցություններ վարում նավթի գնի սահմանաչափ սահմանելու շուրջ, ինչը կզրկի Ռուսաստանին այս պատերազմը ֆինանսավորելու միջոցներից»։
AFP-ի դիտարկմանը, թե Մոսկվան պլանավորում է Լաոսից զինվորականներ ներգրավել՝ Ուկրաինայում իր ջանքերն ամրապնդելու համար, Կալլասն արձագանքեց, որ ուրբաթ օրը Վիենտյանի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպման ժամանակ քննարկել է այդ հարցը և իրենց վստահեցրել են, որ Լաոսը «չունի որևէ մտադրություն կամ ցանկություն» Ռուսաստանին ռազմական օգնություն ուղարկելու։