«Հիմա էլ հերթը հասել է գազատարներին». - Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքակայանում ավելի քան հինգ տասնյակ հայկական գազատար մեքենաներ լուսաբացից սպասում են մաքսային ընթացակարգերի ավարտին, որ կարողանան հեղուկ գազով բեռնված մեքենաներով Հայաստան հասնել։
«Ազատությանը» տեղից ահազանգող վարորդներն ասում են՝ Վրաստանի մաքսային ծառայությունը նոր խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան վերադարձող գազատարների նկատմամբ, առանց հստակ պատճառաբանության կամ պաշտոնական բացատրության.
«Ռենտգեն են արել, թղթերը վերցրել են ներս, ու վերջ, էլ ոչ պատասխանում են, ոչ էլ: Անորոշ կանգնած ենք, չգիտենք ինչ անենք»:
«Բոլորի ձեռից հավաքել են՝ վարորդի անձնագիր, մեքենայի տեխանձնագիր և բոլոր դակումենտացիան»:
Սահմանին կանգնած վարորդներից մեկը պատմեց՝ տարիներ շարունակ Վրաստանի անցակետը անխոչընդոտ հատել, հասել է Ռուսաստան, մեքենան հեղուկ գազով բեռնել ու վերադարձել Հայաստան: Ասում է՝ անգամ եթե վրացական կողմում կշռել են իրենց մեքենան, ապա դա րոպեներ է տևել, իսկ հիմա՝ շուրջ 24 ժամ և ավելի: Իրենից առաջ Ստեփանծմինդա-Լարս ավտոհավաքատեղիից դուրս եկած գազատարներն էլ, ասաց, չեն կարողանում Հայաստան հասնել, վրացական Գեզի մաքսային տերմինալում էլ են կանգնեցնում ու ստուգում այնպես, ինչպես հայկական կոնյակը:
«Երեկ մտնողներն են գնացել Գեզի, մենք մինչև հիմա էստեղ կանգնած ենք, Գեզի մտնողներն էլ մինչև հիմա էնտեղ կանգնած են, ոչ մի բան չեն ասում, նույն ձևի, ոնց որ մենք ենք էստեղ կանգնած անորոշ վիճակում: Գեզի տերմինալում մոտավորապես մի 120 մեքենա կլինի, իսկ ստեղ մոտավորապես մի 50-60 երևի», - փոխանցեցին վարորդները:
Վարորդները տարակուսած են՝ թեև վրացական սահմանը հատող հայկական կոնյակը միևնույն է Ռուսաստանում է վաճառվում, բայց ստուգում են, գազն էլ հո Հայաստան են բերում, դրա՞ ինչն են ստուգում.
«Թող չհամոզի վրացին ինձ, որ ինքը էնքան է սիրում հայ ազգին, էնքան մտածում է, որ գազի որակ է վերցնում, հանկարծ որ հայ ազգը չթունավորվի»:
«Գեզի՞ ինչի են ուղարկում, էս էլ հո կոնյա՞կ չի»:
Ավելի վաղ վրացական կողմում խնդիրների մասին բարձրաձայնել էին ալկոհոլ արտահանողները: Նրանց տևական բողոքներից հետո վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցած Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահն այդպես էլ չմեկնաբանեցին՝ արդյոք կարողացա՞ն Թբիլիսիից ճշտել, թե ինչու են Վրաստանի անցակետում ստուգում Ռուսաստան գնացող ու այնտեղ վաճառվող հայկական կոնյակի որակը: Այդ ստուգումների պատճառով բեռնատարները շաբաթներ, նույնիսկ ամիսներ շարունակ կանգնում էին վրացական անցակետերում: Թեպետ այս հարցում որոշակի տեղաշարժ արձանագրվել է, բայց խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։
Իսկ գազատարների վարորդներն այսօր զանգահարել են Վարստանում Հայաստանի դեսպանատուն, ասացին՝ պատասխանել են, թե առավոտից տեղեկացված են խնդրից, բայց, երբ կլուծվի՝ չգիտեն:
Եթե կոնյակի հարցում պաշտոնական Թբիլիսին հաղորդում է՝ ոչ մի արտառոց բան չկա, սովորական մաքսային ընթացակարգեր են, ապա հայկական գազատարների հարցով վրացական մամուլում պաշտոնական հաղորդագրություններ չգտանք:
Հայաստան հեղուկ գազ բերող գազատարների վարորդներն անհանգստացած են՝ գազի ճնշումը բարձրանում է, մի քիչ էլ՝ ու արտահոսք կսկսվի, արևի տակ կանգնած են, դա անդառնալի կլինի, ասում են նրանք. - «Գազի արտահոսք, Աստված չանի, պայթյուն, չգիտեմ, ամեն ինչ կարող է, ու մի մեքենա չենք՝ իրար կողքի շարված ենք»:
Իսկ Էկոնոմիկայի նախարարությունից ասացին՝ խնդիրը կուսումնասիրեն, նախարարն այս օրերին պաշտոնական այցով Շվեյցարիայում է:
Գազատարների վարորդները հարցնում են՝ քանի՞ օր պետք է ամառվա շոգին գազն այսպես խոչընդոտներով Հայաստան հասցնեն, կամ կհասցնե՞ն արդյոք, պատասխան դեռ չկա: