Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաք, արխիվ

Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։

«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. - «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», - ասել է ամերիկացի դիվանագետը։

«Բարաքի մեկնաբանությունն առաջին պաշտոնական հաստատումն է այն բանի, որ Թրամփի վարչակազմն իրոք առաջարկել է միջանցքը շահագործել ամերիկյան առևտրային օպերատոր ընկերության միջոցով, որը նաև կգործի որպես չեզոք երաշխավոր», - գրում է Քաթարում գործող և մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուն։

Այս լրագրողն, ի դեպ, առաջինն էր, որ երկու շաբաթ առաջ տեղեկացրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք հանդիպման մասին։ Այժմ արդեն լրագրողը որոշ մանրամասներ է հաղորդում այն ճանապարհի շուրջ, որը պաշտոնական Երևանն անվանում է «Խաղաղության խաչմերուկ», իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը՝ «Զանգեզուրի միջանցք»։

Տարածաշրջանային աղբյուրներից մեկը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, Middle East Eye-ի հետ զրույցում նշել է, որ միջանցքը մասնավոր ընկերության շահագործմանը հանձնելու գաղափարի հեղինակը Թուրքիան է։ «Այդ գաղափարը հավանության են արժանացրել թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը», - պնդում է Սոյլուն։

Middle East Eye կայքի հոդվածագրի տեղեկություններով, ի դեպ, հայկական կողմը պահանջել է, որպեսզի ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում։ «Դա, սակայն, Բաքվի համար անընդունելի է», - նշել է լրատվամիջոցի աղբյուրը։ Այսպիսով, եթե հավատանք Middle East Eye-ի տեղեկություններին, ապա Բաքուն մերժում է հայկական կողմի հիմնական պահանջներից մեկը՝ հաղորդակցության ուղիների վերագործարկման փոխադարձության սկզբունքը։

Հիշեցնենք՝ առաջին անգամ Սյունիքով անցնող ճանապարհը ամերիկյան մասնավոր ընկերության հանձնելու մասին տեղեկացրել էր «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Օլեսյա Վարդանյանը՝ հուլիսի 1-ին հրապարակած հոդվածում։ Անցած շաբաթավերջին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ըստ էության չէր հերքել, որ Երևանը քննարկում է Սյունիքի ճանապարհը որևէ մասնավոր ընկերության արտապատվիրակելու հարցը։

Եթե Անկարայում ԱՄՆ դեսպանի հայտարարություններն ի վերջո հաստատվեն, դա կնշանակի, որ Երևանը միակողմանիորեն հրաժարվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման այն սկզբունքից, որը նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին հնչեցրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է, և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել», - Երևանում կազմակերպված համաժողովի ընթացքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»

«Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը», - այսօր «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է վարչապետի խոսնակը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ Նազելի Բաղդասարյանն ասել է. - «Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաև՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետևաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»։

Հարցին էլ՝ «իսկ գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը», վարչապետի խոսնակը պատասխանել է. - «Հայաստանի Հանրապետություն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո միջազգային հանրությունը խաղաղությանն իր աջակցությունն է հայտնումՓաշինյանն ու Ալիևը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ»Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարարՊետդեպը չի մեկնաբանում Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանին կապող ճանապարհի ԱՄՆ առաջարկի մասին հրապարակումներըԵրևանը հաստատում է՝ ապաշրջափակման հարցով միջազգային գործընկերներից առաջարկներ ստանում ենԹրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. «Քարնեգի»