Վարչապետին այսօր հրավիրած ասուլիսում հարցեցին՝ արդյոք վախենո՞ւմ է գործարար Սամվել Կարապետյանից ու դրա համար էլ ֆեյսբուքյան իր էջում նրան կալանավորելու հրահանգներ տվեց իրավապահներին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես մի անգամ զգուշացրել էր միլիարդատեր գործարարին, այսօր կրկնեց՝ պետության համը մնալու է նրա բերանում, բայց այս անգամ ավելացրեց՝ երկար:
«Ես ասում եմ՝ հարգելիներս, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում ձեզ պահում եք, Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ եղեք, արա, և ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ: Ով սենց պահի, պետության համը երկար ժամանակով մնալու է բերանները», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը նաև հարց տվեց Սամվել Կարապետյանին. - «Սամվել Կարապետյանը իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցնի, որ ինքը կարող է իրեն պահի նենց, ոնց որ փորձում է պահել Հայաստանում: Եթե հանկարած իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում նման միտք ծագի, ինքը չի թողնի, որ ուրիշները մի բան անեն, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի ամենաբարձր հարկից»:
Նիկոլ Փաշինյանն այսօր չշրջանցեց նաև քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը, պնդելով՝ Հայաստանը խոպան չէ:
«Մի հատ կարաք ինձ բացատրեք՝ ոնց կարա մարդ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալի, եթե ինքը չի կարա լինի պատգամավորի թեկնածու, չի կարա լինի վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրությամբ... Թող հրաժարվեն էդ ուրիշ երկրների քաղաքացիությունից, գան, ինչքան ուզում են Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալեն: Ամեն մեկը գրպաններում 6 հատ պասպորտ ունի, գալիս է Հայաստանը փրկելու: Խոպան է, ինչ է Հայաստանը ձեզ համար», - ընդգծեց Վարչապետը:
Քննչական կոմիտեն այսօր ևս 3 հոդվածով է մեղադրանք ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման», «առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը չվճարելը կազմակերպելը» և «առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը պռախադնոյ դվոր չի». Փաշինյանի համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը չի կարող քաղաքականությամբ զբաղվել