Կտրուկ թանկացել է հեղուկ գազը

Կտրուկ թանկացել է հեղուկ գազը. օրեր առաջ լիտրը 120 դրամով էր վաճառվում, այժմ արդեն 170-ով:

Մինչ կառավարությունը Հայաստանում լայն մասսայականություն վայելող վառելիքի թանկացման պատճառների մասին ոչինչ չի հայտնում, ոլորտի խոշոր խաղացողներն ահազանգում են հնարավոր դեֆիցիտի մասին. գազով բեռնված շուրջ 470 հայկական բեռնատար այս պահին Վրաստանից սահմանն անցնել չի կարողանում: Տեղական սպառման համար նախատեսված շատ մեծ ծավալի հեղուկ գազ Հայաստան չի հասնում:

Վառելիք ներկրող ու վաճառող ամենախոշոր ցանցերից մեկից «Ազատությանը» հայտնեցին՝ մեկ բեռնատարը միջինը 22 տոննա գազ է տեղափոխում, այսինքն այս պահին ավելի քան 10 000 տոննա վառելիք սահմանի այն կողմում է. - «Մեր վարորդներն 8-9 օր ա՝ էնտեղ են ու հլը բան չկա, հույս չկա, որ պետք ա թողեն վրացիները գան»:

Ընկերության վարորդները Վրաստանում լրացուցիչ ծախսերից խուսափելու համար այժմ բեռն այնտեղ են թողնում, իրենք վերադառնում Հայաստան մինչև հերթն իրենց հասնի: Մեր զրուցակիցն ասում է՝ աշխատում են գերլարված պայմաններում, տեղյակ չեն, թե որն է խնդրի պատճառը: Բացառությամբ եղանակային և այլ օբյեկտիվ պատճառներով նախկինում եղած դժվարությունների՝ գազ ներկրողները այսպիսի խնդիրների երբեք չեն բախվել:

Դիմել ենք Էկոնոմիկայի նախարարություն՝ փորձելով պարզել հեղուկ գազի մատակարարման խնդրի վերաբերյալ գերատեսչության դիրքորոշումը: Հարցրել ենք՝ նախարարության գնահատմամբ Հայաստանում այժմ վառելիքի դեֆիցիտ կա՞: Նաև փորձել ենք պարզել՝ նախարարությունն ունի՞ տվյալներ, թե այս պահին քանի բեռնատար է կանգնած Վրաստանում: Պատասխան առայժմ չենք ստացել:

Նախարար Գևորգ Պապոյանը ժամեր առաջ Ֆեյսբուքում գրել է՝ հուլիսի 11-ից 13-ը հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար է Հայաստան մտել, մեր զրուցակցի խոսքով, մինչդեռ, այս պահին հարյուրավոր մեքենաներ են իրենց հերթին սպասում:

Հեղուկ գազի շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը հաջորդում է հայկական կոնյակ ու ծաղիկներ տեղափոխողների արդեն մի քանի ամիս չլուծվող խնդիրներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի մաքսայինը հիմա էլ խստացումներ է կիրառում Ռուսաստանից Հայաստան գազ փոխադրող մեքենաների նկատմամբԿոնյակի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ակնկալում են, որ Վրաստանով արտահանման խնդիրն ամբողջությամբ լուծվիՎրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծումը