Քահանայից ժողովը դատապարտում է ՀՀ իշխանությունների արշավը, զորակցում Գարեգին Բ-ին

Քահանայից ժողովի մասնակիցները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 11-ը հուլիսի, 2025թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Քահանայից հավաքի մասնակիցները խորապես մտահոգված են «հայրենի երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով»:

«Աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում ամենատարբեր պատճառաբանություններով երկրում իրականացվող քաղաքական հետապնդումները և այդ շրջագծում ՀՀ վարչապետի ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից սանձազերծված արշավը Հայոց Եկեղեցու և եկեղեցականության դեմ խաթարում են ազգային կյանքը, առկա մարտահրավերներին հանդիման ջլատում մեր ժողովրդի միասնականությունը և տկարացնում մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում», - ասված է հավաքի հայտարարությունում, որ հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Սուրբ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դրսևորած անհարիր վարքագիծն ու անպարկեշտ խոսույթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականության պառակտման անթաքույց փորձերը վիրավորում են ի սփյուռս աշխարհի մեր հավատացելոց ազնիվ զգացումները, նաև ուղղակիորեն ոտնահարում ՀՀ Սահմանադրության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և միջազգային բազում պահանջներ։ Դատապարտելի է ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու հանդես եկած ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը։ Անընդունելի է նաև կալանավորված Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների պարագայում անմեղության կանխավարկածի սկզբունքի միտումնավոր անտեսումը իշխանությունների կողմից», - ասված է հայտարարությունում: - «Մեծ ընդվզումով և ցավով ականատեսը դարձանք հունիսի 27-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատությունից զրկելու նպատակով Սուրբ Էջմիածին իրավապահ մարմինների մեծաքանակ ուժերի ներխուժմանը»։

«Համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ սույն ոտնձգությունը, սրբավայրի աղոթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտելի և մերժելի են։ ... Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումը անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև», - հայտարարում են Քահանայից հավաքի մասնակիցները:

«Այս հարձակումների հորձանուտում մեր համայնքների հետ միասին պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու, նաև հետամուտ լինենք կալանավորված Սրբազան Հայրերի և ազգայինների նկատմամբ արդարության իրագործմանը ու ազատ արձակմանը։

...

Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ», - ասված է հայտարարությունում:

Քահանայից ժողովը սովորաբար Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է վարում, նրա կալանավորումից հետո, այսօր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն է այն վարել:

Հայաստանի վարչապետն ու նրա թիմակիցները արդեն շուրջ մեկուկես ամիս շարունակվող արշավի ընթացքում պնդում են՝ իրենց թիրախում ոչ թե եկեղեցին է, այլ՝ այդ ինստիտուտը պղծող հոգևորականները: Իրենք հենց եկեղեցին մաքրելու գործն են ձեռնարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միքայել սրբազանի փաստաբանը գլխավոր դատախազի խոսքն ուղիղ հանձնարարական է համարում Իրավապահներն այսօր Մայր Աթոռ չեն ուղևորվումԳալստանյանի, Աջապահյանի ու Կարապետյանի մեղադրանքները՝ մեկ շղթայի մեջ. ՔԿ նախագահՄիքայել արքեպիսկոպոսը երկու ամսով կալանավորվեց Բագրատ արքեպիսկոպոսն ու նրա 14 համախոհները՝ ճաղերից այն կողմՄայր Աթոռը դատապարտում է, հայտարարում, որ հետամուտ կլինի «գործի արդարացի ընթացքին», իշխանություններն արձագանքում են Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Գարեգին Բ