ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան, արխիվ
«Ժամանակն է մտածել Դաշնակցական կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին». - իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կարծում է՝ 135 տարվա պատմություն ունեցող ՀՅ Դաշնակցությունը պետք է փակել, ինչպես ժամանակին արեց առաջին նախագահը:
1994-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրամանագրով ժամանակավորապես դադարեցրեց ՀՅԴ գործունեությունը՝ քաղաքական սպանություններ իրականացնելու ու ահաբեկչական գործողություններ ծրագրելու, միջազգային թմրաբիզնեսին մասնակցության և գաղտնի հետախուզական ծառայություն ստեղծելու հիմնավորմամբ: Տեր-Պետրոսյանի այդ հրամանագիրը 1998-ին չեղյալ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հենց հաշվի առնելով ժողովրդավարությունը, մարդու հիմնարար ազատությունները, հենց դրանից է բխում, որ չլինի նման տեռորիստական կազմակերպություն՝ իբրև կուսակցություն գրանցված էդ միավորը: Ինչքա՞ն կարելի է դաշնակցականների տները խուզարկել և գտնել զենք-զինամթերք կամ ահաբեկչության պլաններ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան, արխիվ
Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը շնորհակալություն է հայտնում իշխանական Հասմիկ Հակոբյանին՝ իշխանության իրական պլանները բարձրաձայնելու համար: Դաշնակցության դեմ ուղղված վերջին շրջանի գործողությունները, ներառյալ՝ այսօրվա ձերբակալություններն ու խուզարկությունները, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, հենց այդ նպատակին են ծառայում:
«Կարծում եմ սա ներքին քննարկումների արտահոսք է՝ բարձրաստիճան արդեն արտահոսք, և իրական նպատակներն է նկարագրում էն գործողությունների, որոնք հիմա իրականանում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Հարցին՝ «սա իշխանության կողմից արդեն ծրագրվա՞ծ պլան է և ոչ թե Հասմիկ Հակոբյանի՞ ցանկությունը», ընդդմադիր պատգամավորն արձագանքեց. - «Վստահ եմ, որ այո, ՔՊ-ում սովորաբար էդպիսի կարող են ներկայացվել որպես անհատական մտքեր, բայց դրանք անհատական չեն՝ դրանք խմբային տրամաբանությունը արտահայտող մտքեր են»:
Իսկ ՔՊ-ական պատգամավորն ինչպե՞ս է պատերացնում Դաշնակցության փակումը. Հասմիկ Հակոբյանն ասում է, որ դեռ պատկերացումների մասին խոսել չի կարող, այդ հարցը ոչ վարչապետ Փաշինյանի և ոչ էլ խմբակցության մյուս պատգամավորների հետ չի քննարկել:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը նախաձեռնությամբ հանդես գա այս հայտարարությունից հետո, Հակոբյանը պատասխանեց. - «Ես դեռ ոչինչ չեմ պլանավորել, եթե պլանավորեմ, միանշանակ կկիսվեմ նաև էդ նորությունով՝ ուրախ նորությունով, մեր հասարակության հետ»:
«Ազատություն». - Այսինքն՝ վարչապետի հետ որևէ քննարկում չեք ունեցել:
Հակոբյան. - Չէ, չէ, բնավ, անգամ ֆրակցիայում, անգամ իմ ընկերների հետ՝ ֆրակցիայի իմ գործընկերների հետ դեռևս չի եղել, չեմ հասցրել խոսակցություն ունենամ, և արձագանքներ դեռևս չեն եղել: Դա իմ կարծիքն է, և ես դեռևս չունեմ պլան՝ դա ինչպես անել, բայց կարելի է Լևոն Տեր-Պետրոսյանից հարցնել այդ մասին:
Արձագանքելով Դաշնակցությունը փակելու հարցով Լևոն Տեր-Պետրոսյանին դիմելու՝ ՔՊ ական պատգամավորի դիտարկմանը, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հեգնում է՝ դիմել կարող են, բայց, հիշեցնում է, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր վերջին վիրավորական գրառումներով էական վնաս է հասցրել Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի հարաբերություններին: Իսկ Դաշնակցությունը փակելու տարբերակ, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, Փաշինյանը կգտնի. - «Ճանապարհներ միշտ կգտնվեն, եթե կա դրա քաղաքական կամքը»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը, սակայն, ասում է, որ իրենց մտահագությունը Փաշինյանի կողմից Դաշնակցության փակումը չէ, այլ թե ինչու է իշխանությունը իրավապահների միջոցով ոչ միայն Դաշնակցության, այլև Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումներ սկսել:
«Համոզված եմ, որ խնդիրը Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն են: Մի պայմանավորվածությունը, չէ՞, Փաշինյանը արդեն հայտարարել է, հանրայնացրել է այդ կետը, որը համաձայնեցված փաստաթղթում կա, որով կողմերը պարտավորվել են պայքար իրականացնել այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ գործող ուժերի նկատմամբ. դա դիվանագիտական ձևակերպումն է Ադրբեջանի այն պահանջի, ըստ որի՝ Հայաստանը պետք է պայքարի ռևանշիզմի դեմ: Դա դիվանագիտական ձևակերպումն է, և այդ կետը ուժի մեջ է մտել առանց պայմանագրի ստորագրման և վավերացման», - հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, մինչդեռ, պնդում է՝ իրավապահների վերջին օրերին բացահայտումները իր համար այնքան համոզիչ են, որ վստահ է՝ կանխվել է կոնկետ ահաբեկչության դեպք՝ կան ձայնագրությունները, կա պլանը, գործող անձինք էլ՝ հետը:
«Ո՞նց ենք պատկերացնում, ասենք, պետք է, ինչ-որ, տեռորը լինի՞, որ ասենք՝ ըհը, էս դիակ, էս կրակող, օրինակ, դաշնակցական, նախկին դաշնակցական, չգիտեմ, պատմությունը ցույց է տալիս, որ կա՛մ դաշնակցական, կա՛մ նախկին դաշնակցականներ են տենց բան անում, պետք է տենց փաստը ունենա՞նք, որ 100-տոկոսանոց տեռոր է, նոր ասենք՝ վայ, էս ի՞նչ եղավ», - նշեց Հակոբյանը:
Դիտարկմանը՝ «որևէ ապօրինի զենք կարծես թե չի հայտնաբերվել», իշխանական պատգամավորը հակադարձեց. - «Որևէ-ն չգիտեմ, բայց դուք չեք կարող ինձ ապացուցել, որ օրինական զենքը չի կրակում, կամ չի սպանում: Ի՞նչ տարբերություն, իսկ օրինական զենքով չի կարելի՞ մարդ սպանել, հնարավոր չի՞ մարդ սպանել»:
«Ազատություն». - Իսկ դուք չեք կարծո՞ւմ՝ երբ որ ասում եք՝ իրենք ահաբեկիչներ են, ուզում են մարդ սպանել, անմեղության կանխավարկածն եք խախտում:
Հակոբյան. - Սա՝ այս վերջին դեպքերը, կանխված ահաբեկչության դեպք է, ոչ թե մտադրություն է, այլ՝ կոնկրետ կանխված ահաբեկչության դեպք:
«Շատ լավ, իսկ ավտոմեքենայով և օրինական վարորդական իրավունքով հնարավո՞ր է հանցագործություն կատարել: Իսկ տնային սուր դանակով հնարավո՞ր է հանցագործություն կատարել», - հակադարձում է Քրիստինե Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ որևէ դաշնակցականի տնից որևէ անօրինական զենք-զինամթերք չի հայտնաբերվել, իսկ այն նռականման առարկաները, որոնք Քննչական կոմիտեն ներկայացնում է, դրանք սթրայքբոլի պարագաներ են, որոնք կարելի է ձեռք բերել List.am-ից և Wildberries-ից: Եթե կարող են, թող ապացուցեն, որ հայտնաբերվածը մարտական նռնակ է, որը կարող էր վնաս պատճառել, ասում է Քրիստինե Վարդանյանը: