Եվրախորհրդարանը առաջարկում է վրացական բանկերն անջատել SWIFT համակարգից

Բանկ Վրաստանում, արխիվ

Եվրախորհրդարանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, մասնավորաբար` վրացական բանկերն անջատել միջազգային SWIFT համակարգից, ինչպես նաև այսպես կոչված սեկտորալ սանկցիաներ կիրառել, որոնք հնարավորություն կտան արգելափակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ֆինանսավորման աղբյուրները։ Նման կոչերով բանաձևը Եվրոպական խորհրդարանն ընդունեց նախօրեին։ Զուտ խորհրդատվական բնույթի այս փաստաթղթի հեղինակը Եվրախորհրդարանի լիտվացի անդամ Ռասա Յուկնյավիչեն է։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանում ընդունված փաստաթուղթը մեկ բառով է որակում` «խայտառակ»։

<Սա հերթական, եթե չեմ սխալվում` յոթերորդ խայտառակ բանաձևն է։ Ես կարծում եմ, որ Եվրամիության ողջ բյուրոկրատիան պետք է ստանձնի կատարվածի պատասխանատվությունը, քանի որ սա զուտ Եվրախորհրդարանի որոշումը չէր։ Ամոթալի է, երբ շանտաժի են ենթարկում մի ողջ ժողովրդի։ Իրականում եվրոպացիները պետք է պատասխանատվություն ստանձնեն այն կանաչ լույսի համար, որ նրանք վառել էին 2004-ից 2012 թվականներին Սաակաշվիլիի վարչակազմի առջև՝ ճանապարհ հարթելով կտտանքների, ռեկետի, հեռուստաընկերությունների զավթման և տարածքներ հանձնելու համար», - նշում էր վրացական կառավարության ղեկավարը։

Քվեների 490 կողմ և 147 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը նաև հայտարարում էր՝ քանի որ վրացական ընդդիմության առաջնորդների մի զգալի մասը այժմ ճաղերի հետևում է, ապա հոկտեմբերի 4-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ապրիորի չեն կարող ազատ և արդար համարվել։

Առաջիկա ՏԻՄ ընտրություններն, ի դեպ, արդեն իսկ հանգեցրել են առանց այդ էլ միասնականությամբ աչքի չընկնող վրացական ընդդիմության հերթական պառակտմանը։ Ընդդիմադիր ուժերից առնվազն երեքը՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն հզոր Վրաստանի», միլիոնատեր Մամուկա Խազարաձեի «Լելո» և ազատական «Գիրչի» կուսակցությունները պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ընդդիմության մյուս թևը պնդում է, որ հարկավոր է բոյկոտել ընտրությունները, իսկ դրան ուղղված քարոզարշավի մեկնարկը պետք է դառնա հուլիսի 19-ին Թբիլիսիի կենտրոնում կայանալիք հանրահավաքը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, բոյկոտի գաղափարին կողմ չէ։

«Բոյկոտի գաղափարն աբսուրդային է։ Եթե ընտրությունները կեղծվում են, ինչո՞ւ չպետք է բոյկոտը կեղծվի։ Հարկավոր է այլ մարտավարություն ընտրել, մասնավորաբար՝ ավելի հուժկու բողոքի ակցիաներ կազմակերպել», - պնդում էր Զուրաբիշվիլին։

Նախկին նախագահը երեկ հրապարակված այս հայտարարության մեջ ըստ էության այդպես էլ չպատասխանեց ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից օրերս հնչած առաջարկին։ Այդ նախաձեռնության համաձայն՝ ընդդիմությունը պետք է մասնակցի Թբիլիսիի սակրեբուլոյի՝ ավագանու ընտրություններին, քաղաքապետի միասնական թեկնածուն էլ պետք է հենց Սալոմե Զուրաբիշվիլին լինի։ Ընդդիմադիրների համոզմամբ՝ գոնե մայրաքաղաքում ընդդիմությունը կարող է լուրջ հաջողության հասնել, քանի որ, ըստ վերջին հարցումների, իշխող «Վրացական երազանք»-ի վարկանիշը Թբիլիսիում չի գերազանցում 25 տոկոսը։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, մինչդեռ, համոզված են՝ ամենաճիշտ մարտավարությունը բոյկոտն է։ «Ազգային միացյալ շարժման» ղեկավար անդամ Գիորգի Բարամիձեն ընտրություններին ընդդիմադիր ուժերի մասնակցությունը ընդհանրապես դավաճանություն է համարում։

«Մարդիկ ընտրությունների չեն գնա։ Նման իրավիճակում եթե որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին, ապա դա դավաաճանություն է իրենց իսկ դավանած սկզբունքներին, ինչպես նաև վրաց ժողովրդին։ Մասնակցելով ընտրություններին՝ այդ կուսակցությունները խոստովանում են, որ իրենց միակ նպատակը անդամներից մի քանիսին բարձր աշխատավարձով ավագանիում աշխատանքի տեղավորելն է», - նշում էր ընդդիմադիր գործիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանում ձերբակալվել է խոշոր գործարար Գիորգի ՌամիշվիլինՎրաստանի նախագահը ներում է խոստանում ընդդիմադիրներին՝ պայմանով Վրաստանում հերթական ընդդիմադիր գործիչը ազատազրկման դատապարտվեց«Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության պատգամավորները զրկվել են մանդատներիցՎրաստանում ևս մեկ ընդդիմադիր է ձերբակալվել