ԱԺ տեսահսկման սարքերը՝ անվտանգության համա՞ր, թե՞ ընդդիմության դեմ

Աժ նիստերի դահլիճը, արխիվ

Ազգային ժողովի տեսահսկման սարքերն իշխանությունն օգտագործում է հարմար առիթի դեպքում ընդդիմադիրներին վարկաբեկելու համար, հայտարարում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Քաղաքական հետապնդումների նպատակով է ամբողջն արվում», - պնդեց դաշնակցական պատգամավորը, - «Ազգային ժողովի դեպքում արդեն կան մի քանի դեպքեր, երբ որ տեսախցիկների նկարահանումները հայտնվում են մերձիշխանական լրատվամիջոցներում կամ այլ անձանց մոտ ու դառնում են, էսպես ասած, քաղաքական գործիք»:

Տեսանյութը, որում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազգային ժողովի միջանցքում ծխում է, իր Տելեգրամի էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ հրապարակել. դրան կից խորհրդարանի խոսնակը նաև վիրավորական գրառում էր արել. - «Հաջորդ անգամ ոստիկանից բացի բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի, և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»:

Թե Ազգային ժողովի նախագահին մոտ ինչպես է հայտնվել Պետական պահպանության ծառայության տիրույթում գտնվող՝ անվտանգության համար նախատեսված տեսահսկման սարքերի տեսագրությունը, հայտնի չէ։ Ազգային ժողովից այսօր հրաժարվեցին մեկնաբանություններից։

Մինչ այդ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդում է՝ Սիմոնյանն ապօրինություն է թույլ տվել, տեսանյութը վերցնելու ու հրապարակելու իրավունք չուներ։ Պատգամավորն ասում է՝ եթե իր գործընկեր Վարդանյանն օրենք էր խախտել՝ ծխելով խորհրդարանի շենքի միջանցքում, ապա դրան պետք է հաջորդեր տուգանքը, ոչ թե նրա մասնակցությամբ տեսանյութի տարածումը՝ վարկաբեկման նպատակով: Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունից այսօր հայտնեցին, որ ընդդիմադիր պատգամավորը տուգանվել է 50 հազար դրամով։

«Օրինակ, Գառնիկի դեպքում Դանիելյան ինչպես եղավ. չեմ էլ ես տեսել, նկատել՝ Գառնիկը ծխում է, թե չէ, բայց Ազգային ժողովից հաղորդում եղավ ոստիկանություն, ոստիկանությունն եկավ տուգանեց: Թեև էտեղ կուրյոզ շատ պատմություններ կան, թե ինչպես են ծխում, ով է ծխում, բայց դրա մասին չի խոսքը, բայց, ի վերջո, խախտումը շահարկելը քաղաքական նպատակներով է օրենքո՞վ, թե՞ խախտումը կանխարգելել, կամ խախտման համար որևէ տուգանք նշանակելն է նորմալ», - նշեց դաշնակցական պատգամավորը:

Խորհրդարանի շենքի միջանցքները, նկուղները, պահեստները տեսահսկվում են 340 տեսախցիկներով։ Դրանք տեղադրվել են անցած տարեսկզբին՝ նախկին 220-ի փոխարեն։ Իշխանականները դեռ այն ժամանակ հիմնավորում էին՝ տեսախցիկները ոչ թե ինչ-որ մեկի դեմ են, այլ՝ բոլորի անվտանգության համար։ Չնայած տեսախցիկների մոդելները նաև ձայնագրելու հնարավորություն ունեն, խորհրդարանից ավելի վաղ վստահեցրել են, թե դրանք միայն տեսագրման համար են։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ «ամեն դեպքում, ինչքան էլ անվտանգ լինի ամեն տարածք՝ լինի դա խորհրդարան, թե լինի ցանկացած այլ շենք՝ փողոցում, բան, կատարվում է մեր քաղաքացիների, մեր և բոլորիս անվտանգության համար, հատուկ որևէ մեկի համար չի արվում, կարծում եմ»։

Մինչդեռ ընդդիմադիրները վստահ են՝ հենց իրենց դեմ է իշխանությունն օգտագործում դրանք։ Մանուկյանը հիշեցնում է՝ ինչպես 2023-ին խորհրդարանի տեսախցիկների նկարահանած կադրերը հայտնվեցին իշխանամերձ լրատվամիջոցներում: Թե դաշնակցական Մհեր Սահակյանի և իշխանական Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ ծեծկռտուքի կադրերը ինչպես էին հայտնվել երրորդ անձանց ձեռքում, չպարզաբանվեց:

«Ինչպես է մի քանի ժամում էդ սերվերից վիդեոնյութը հանվում, հայտնվում ֆեյք կայքում, բոլորին էլ պարզ է, որ գործում է հանցավոր եռամիասնություն՝ իշխանություն, ֆեյք կայքեր, որոնք ենթարկվում են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին, Ազգային ժողովի ղեկավարություն, Պետական պահպանության ծառայություն, որոնք ոչ թե ծառայում են Ալեն Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին կամ որևէ մեկին, ծառայում են Հայաստանի Հանրապետությանը և օրենքներին», - ընդգծեց Մանուկյանը:

«Ազատություն»-ը այսօր գրավոր դիմել է Ազգային ժողովի աշխատակազմ՝ պարզելու, թե տեսահսկման սարքերի տեսագրությունները ինչպես, ինչ իրավական հիմքերով են հայտնվում երրորդ անձանց, իշխանամերձ լրատվամիջոցների ձեռքում, ինչպես է ստացվում, որ դրանց հասանելություն ունեն իշխանականները։ Առայժմ մեր հարցերի պատասխանը չենք ստացել։