«Արդշինբանկ»-ը կարող է գնել Մալթայի HSBC-ն

Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Արդշինբանկ»-ը հավակնում է ձեռք բերել Մալթայի HSBC բանկը, այդ մասին հայտնում է Times of Malta լրատվականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Լրատվականը շեշտում է, որ Մալթայի HSBC-ն, որ երկրի բանկային համակարգի ամենամեծ խաղացողներից է, կարող է անցնել «Ռուսաստանի հետ նախկինում կապեր ունեցող հայ գործարարի»՝ նկատի ունենալով «Արդշինբանկ»-ի սեփականատեր Կարեն Սաֆարյանին։ Լրատվականի փոխանցմամբ՝ բացի «Արդշինբանկ»-ը, արևելաեվրոպական մեկ այլ ֆինանսական կառույց էլ է պայքարում մալթայական բանկի բաժնետոմսերի համար։

Թեպետ «Արդշինբանկ»-ին հեղինակավոր ֆինանսական գործակալությունները շնորհել են կայուն վարկանիշ, այնուհանդերձ սեփականատիրոջ ունեցած ռուսական կապերը մտահոգություններ են առաջացրել գործարքի այլ կողմերի մոտ։

«HSBC Malta-ի վերջնական ձեռքբերողը կանաչ լույս պիտի ստանա HSBC-ի ղեկավար կազմի, Եվրոպական կենտրոնական բանկի և Մալթայի ֆինանսական կարգավորող մարմնի կողմից։ «Արդշինբանկ»-ի առաջարկը խոչընդոտների չի հանդիպի HSBC-ի կողմից, հաշվի առնելով, որ բանկին հաջողվեց հաստատումներ ստանալ ու ձեռք բերել հայաստանյան HSBC-ն, այնուհանդերձ, դեռ պարզ չէ՝ ինչպես են մյուս կարգավորող մարմինները արձագանքելու հայկական բանկի առաջարկին», - նշված է մալթայական լրատվամիջոցի հոդվածում։

Հունգարական OTP բանկը ևս ցանկացել է ձեռք բերել HSBC Malta-ն, բայց գործարքը տապալվել է՝ OTP-ի գործադիր տնօրենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր կապերի, ինչպես նաև OTP-ի՝ Ռուսաստանում գործունեության պատճառով։

«Արդշինբանկ»-ի սեփականատերը Կարեն Սաֆարյանն է, ով, ըստ լրատվականի, աշխատանքային ու անձնական ջերմ հարաբերություններ է ունեցել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, գործող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Times of Malta-ն հիշեցնում է, որ Սաֆարյանը 90-ականներից տասնյակ բիզնեսներ է ունեցել Ռուսաստանում, նաև բարձր պաշտոն է զբաղեցրել «Ռոսավիասպեցկոմպլեկտ» ընկերությունում, որը զբաղվել է ինքնաթիռների բաղադրիչների արտադրությամբ։

«HSBC Malta-ի գործարքին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Սաֆարյանի քաղաքական կապերը, ինչպես նաև մամուլի որոշ բացասական հրապարակումներ մտահոգություններ են առաջացրել գործարքի կողմերի մոտ», - նշում է լրատվամիջոցը։

«Արդշինբանկ»-ը չի մեկնաբանել HSBC Malta-ն ձեռք բերելու հնարավորությունը։

HSBC Malta-ն այդ երկրի երկրորդ ամենամեծ բանկն է, տիրապետում է բանկային շուկայի 20 տոկոս մասնաբաժնին։ Անցած տարի բանկը 154 միլիոն եվրոյի շահույթ է ունեցել, որը համարվում է ռեկորդային։ HSBC-ն որոշել է վաճառել Մալթայում իր ակտիվը՝ ռազմավարական վերանայումների շրջանակում, ինչը ենթադրում է եվրոպական փոքր շուկաներից դեպի ասիական շուկա տեղափոխում։ Այս տրամաբանության մեջ էր նաև հայաստանյան HSBC-ի վաճառքը «Արդշինբանկ»-ին։

Վերջին տարիներին Արդշինբանկը հայաստանյան բանկերի շարքում ապահովում է ամենամեծ շահույթը. օրինակ՝ 2024-ին դոլարով արտահայտված բանկի շահույթը գերազանցել էր 344 միլիոն դոլարը՝ 2.2 անգամ ավել, քան 2023-ին էր։

«Արդշինբանկ»-ը հայաստանյան խոշոր բիզնեսի միակ ներկայացուցիչը չէ, որ հետաքրքրված է Մալթայում ներդրումներով։ Հայտնի է, որ այդ երկրի խաղային ոլորտում գործունեություն են ծավալում «Վիվարո» ընկերության սեփականատեր Բադալյան եղբայրները։ 2016-ից Բադալյանների ընտանիքը նաև Մալթայի քաղաքացիություն է ձեռք բերել՝ օգտվելով այն օրենսդրական հնարավորություններից, որ որոշակի ներդրման դիմաց գործարարներին կարող են Մալթայի անձնագրեր տրամադրվել։ Սա իր հերթին հնարավորություն է տալիս 168 երկրներ ճամփորդել առանց վիզայի։

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան