Երևանցիները դժգոհ են աղբահանության թանկացումից, քաղաքապետարանը հակադարձում է՝ ծառայության որակն են բարձրացնում

Աղբահանությունը մայրաքաղաքում հիմնականում գոհացնում է երևանցիներին, բայց տարեսկզբից վճարի թանկացումը հարվածել է շատերի գրպանին։

Աղբահանության վճարը այս տարվանից թանկացավ: Եթե նախկինում վճարում էին 200 դրամ՝ մեկ շնչի համար, արդեն 7 ամիս է՝ այն հաշվարկվում է ըստ բնակարանի մակերեսի, 1 քմ-ի դիմաց՝ 13 դրամ: Օրինակ, եթե 70 քմ մակերեսով բնակարանում ապրում է 1 մարդ ու աղբահանության համար ամսական վճարում էր 200 դրամ, ապա հիմա վճարում է 910 դրամ (70x13):

Երևանյան փողոցներում մարդիկ հիմնականում բողոքում էին անարդարությունից. զարմանում էին՝ ինչպես կարելի է աղբի ծավալը հաշվել քառակուսի մետրով. - «Մեկ մարդը ինչքա՞ն պիտի ուտի, խմի, էփի, լվանա, թափի, որ էդքան աղբ առաջանա, բնակարանը ի՞նչ կապ ունի»:

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկն է քաղաքը մաքրում կենցաղային աղբից: Կառույցի ղեկավար Սաշա Կատվալյանը համաձայն չէ երևանցիների դժգոհությունների հետ։ Թվարկում է՝ 12 նոր փոշեկուլ են գնել, գիշերը ջրցան մեքենաներն են աշխատում, քաղաքը նաև սանիտարական մաքրման են ենթարկում: Այս հաշվարկով թանկացումը Կատվալյանը արդար է համարում և սեփական օրինակով բացատրում.- «Ես անձամբ սեփական սեկտորի բնակիչ եմ, բակ ունենք, ծառի տերևն ես հավաքում, տանում, թափում աղբամանը, բակում տարբեր աշխատանքներ ենք իրականացնում, էլի տանում աղբամանն ենք թափում»:

Մեկ այլ օրինակ էլ տարածաշրջանի և եվրոպական երկրներն են. - «Հայաստանում աղբահանության գումարը էականորեն ցածր է: Այն դեպքում, երբ Հայաստանում, ի տարբերություն մեր հարևան երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի, դիզվառելիքն ավելի թանկ է, և յուղմթերքը»:

Երևանի քաղաքապետարանը այս նոր փոփոխությամբ ակնակալում է 300-400 միլիոն ավելի դրամ հավաքագրել, որը ընդհանուր առմամբ 8-10 տոկոսով աճ կապահովի բյուջեին։

Քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս տարվա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում դեռ 40 միլիոն դրամով է ավելի հավաքագրվել, սակայն ընդգծում են՝ սա օբյեկտիվ պատկեր չէ, քանի որ մարդականց արտոնություններ էին տրվել մինչր օգոստոս։ Ակնկալում էին, որ մեկ ամսից թիվը կտրուկ կաճի։

Օրվա տարբեր ժամերին կատարված նկարահանումները վկայում էին, որ աղբատարները հատկապես ցերկային ժամերին դատարկ էին, աղբատար մեքենաներին էլ հանդիպեցինք տարբեր փողոցներում, սակայն քաղաքը միևնույն է կեղտոտ էր: Անցորդները շատ արագ փոքր աղբամնները լցնում էին սուրճի, հյութի տարրաներով։ Իսկ քիչ առաջ մաքրված աղբամանների անմիջապես կողքը կուտակվում էին բնակիչների անպիտան ներքնակները, հին կահույքը, շինարարական աղբը:

Քաղաքային իշխանությունը խոստովանում է՝ այս խնդրին դեռ լուծում չունի։ «Դավարս» ընկերությունն է զբաղվում շինարարական մաքրման աշխատանքներով, որի հետ պայմանագիրը հաջորդ ամռանը կլրանա: Հետո պարզ չէ՝ ինչպես է քաղաքապետարանը պարտադրելու երևանցուն չկեղտոտել քաղաքը շինաղբով։

Վերջին շրջանում քաղաքում նկատելի են թղթի, պլաստիկի, ալյումինի, ապակու համար առանձնացված գունավոր աղմաբանները։ Ու թեև հստակ երևում է՝ որը ինչի համար է, այդուհանդերձ, երևանցիների մի մասն անփույթ ու անտարբեր է նաև աղբը տեսակավորելու հարցում։

Մանրամասները «Ազատության» տեսանյութում.