Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Համագործակցության ներկայիս մակարդակն, ըստ հաղորդագրության, երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 14-ին ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը