Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցեր՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։
Նախագահն, ըստ հաղորդագրության, կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։
Մեսրոպ Մեսրոպյանը Խաչատուրյանին ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։
Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ու կալանավորումից հետո հաշված օրերի ընթացքում իշխանությունները նրա ընտանիքին պատկանող ՀԷՑ- ը պետականացնելուն միտված նախագիծ մշակեցին ու խորհրդարանում արտահերթ կարգով ամբողջությամբ ընդունեցին: Այս փոփոխությունն, ըստ էության, հնարավորություն է տալիս ՀԷՑ-ի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել: