Մատչելիության հղումներ

Սիրանուշ Սահակյանն անկալում է միջազգային արձագանք Բաքվի դատարաններում հայ գերիների դեմ ապօրինություններին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան, արխիվ

Մինչ Բաքվում շարունակվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների և առանձին վարույթով նախկին պետնախարարի գործով դատավարությունները, Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ ու ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բարձրաձայնում է՝ Արցախի նախկին պետնախարարը զրկված է պաշտպանվելու իրավունքից, Բաքվի ռազմական դատարանում շարունակում են կոպտորեն խախտվել բոլոր իրավունքները՝ ընթացակարգայինից մինչև բովանդակային։

«Ի սկզբանե ադրբեջանական կողմը, քաջ գիտակցելով, որ գործ ունի շինծու մեղադրանքների՝ վերացական և անհատական պատասխանատվություն չենթադրող մեղադրանքների հետ, որևէ կերպ չի տվել ծանուցում մեղադրանքի, դրա բնույթի, փաստական հանգամանքների և իրավական որակման վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Պաշտպանական թիմի հայտարությունների անտեսում, իրավունքների պարզաբանման բացակայություն, շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ կետ առ կետ նշելով դրանք։

Երբևէ ռազմական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի քրեական գործը քննվում է ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես պահանջում են տեղական և միջազգային իրավական չափանիշները, այլ Բաքվի ռազմական դատարանում։ Դատարանը շարունակել է զրկել նրան մեղադրական եզրակացությանն ու գործի մյուս նյութերին հասանելիություն ունենալու հնարավորությունից։ Կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները։

«Ի սկզբանե քննությունը եղել է միակողմանի՝ քաղաքական պատվերի հիման վրա, կեղծվել են ապացույցներ՝ պետական վարկածը հիմնավորելու տեսանկյունից: Անգամ այդ պայմաններում պաշտպանական կողմը ներկայացրել է բազմաթիվ միջնորդություններ, որոնք բավարարելու պարագայում հենց ադրբեջանական դատարաններում կփլուզվեր այդ շինծու մեղադրանքը: Բայց հետաքրքրական է, որ բոլոր միջնորդությունները մերժվել են», - ընդգծեց Սահակյանը:

Չնայած դատական նիստերը պաշտոնապես հայտարարվել էին բաց, իրականում բոլոր լսումներն ընթանում են փակ դռների հետևում և խիստ վերահսկողության ներքո։ Արգելված է միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ներկայությունը դատական նիստերին, և դրանք լուսաբանում են բացառապես ադրբեջանական պետական լրատվամիջոցները, որոնց հաղորդումները այլ աղբյուրներից ճշտելու հնարավորություն չկա:

«Բոլոր ջանքերը, որոնք կապված են են եղել դատական լսումներին մուտք գործելու և ճշգրիտ տեղեկություններ ստանալու հետ, ամբողջովին մերժվել են», - նշեց փաստաբանը:

Բաքվի դատարանում այս օրերին ընթացող դատավարությունները լուսաբանող «Ազերթաջ»-ը հայտնում է, որ շարունակում են ցուցմունքներ տալ տուժող ու տուժողների իրավահաջորդ ներկայացվող մի շարք անձինք՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ընդամենը երեքուկես ամիս զբաղեցրած և ռազմական ոլորտը չհամակարգած Վարդանյանին մեղադրելով պատերազմական հանցագործությունների համար։

Բաքվի դատարանը քաղաքական շահերով գործ է քննում, իսկ դա չի կարող լեգիտիմ ճանաչվել, եզրահանգում է Սիրանուշ Սահակյանը՝ միջազգային հանրությունից ակնկալելով արձագանք ապօրինություններին և ճնշում Ադրբեջանի վրա. - «Ճնշում գործադրելով ապահովեն Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարումը, որը այս պարագայում նաև ենթադրում է հայ պատանդների անհապաղ ազատ արձակում»:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի երեք միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դրանցից մեկն էլ վերաբերում է տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչը, սակայն, հրատապ գործընթաց չի ակնկալում. - «Մենք, անկեղծ ասած, ակնկալում ենք, որ այս տարի կամ գոնե առաջիկա տարվա ընթացքում այս գործերով բանավոր լսումներ տեղի կունենան ՄԻԵԴ-ում, բայց դեռևս տեղաշարժ չկա»:

Երևանն ու Բաքուն համաձայնել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ետ կանչել միմյանց դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերը: Մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը մտահոգություն էր հայտնել, որ «եթե գերիները չազատվեն համաձայնագրի կնքման հետ միաժամանակ, ապա Նիկոլ Փաշինյանն ապագայում չի կարողանա բարձրացնել գերիների հարցը, և նրանք թակարդված կմնան Ադրբեջանում»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG