Մատչելիության հղումներ

Միքայել սրբազանի փաստաբանը գլխավոր դատախազի խոսքն ուղիղ հանձնարարական է համարում


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռից ուղևորվում է դեպի Քննչական կոմիտե, 27-ը հունիսի, 2025թ.
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռից ուղևորվում է դեպի Քննչական կոմիտե, 27-ը հունիսի, 2025թ.

Շիրակի թեմի կալանավորված առաջնորդի պաշտպանական թիմը տարակուսած է գլխավոր դատախազի բացատրություններից: Միքայել արքեպիսկոպոսի փաստաբան Երեմ Սարգսյանը Աննա Վարդապետյանի խոսքն ուղիղ հանձնարարական է համարում ստորադաս դատախազներին ու քննիչներին և ուղիղ միջամտություն նախաքննությանը:

«Եթե մենք պետք է քննիչի գործողությունը գնանք բողոքարկենք դատախազին, դատախազինն էլ՝ իր վերադաս դատախազին, հիմա հարց է ծագելու. եթե Քննչական կոմիտեի նախագահի և գլխավոր դատախազի մակարդակով արդեն իսկ էս բոլոր հանգամանքները էս փուլում հաստատվում է նման մեկնաբանություններով, կա՞ մեկը, որը պատկերացնում է, որ քննիչը կամ դատախազը, որոնք իբր թե օրենքով ինքնուրույն են ուղղություն տալիս և՛ գործին, և իրենց ներքին համոզմունքը պետք է կիրառեն, ասենք, ինչ-որ մեկը կարող է հանկարծ տարբերվող մոտեցո՞ւմ ցուցաբերի: Այսինքն, սա նշանակում է, որ հենց էս պահից սկսած իրենք ընդհանրապես սպառեցին բոլոր հնարավորությունները օրինական և օբյեկտիվ նախաքննության՝ կա կանխորոշած միջոց, նպատակ, և էս նպատակը բոլորի համար պետք է պարզ լինի», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց փաստաբանը՝ շարունակելով. - «Հետևաբար, մենք պնդում ենք, որ սա նախաքննությանը միջամտություն է ուղիղ, և իրավունք չունեն նման գործերով՝ գլխավոր դատախազը լինի, Քննչական կոմիտեի նախագահը լինի, էս կարգի հայտարարություններ անել, միայն թե արդարացնեն իրենց գործողությունները»:

Օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հանրայինի եթերում մեկնաբանել էր, թե ինչու մեկ տարի առաջ ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերի մեջ իր գլխավորած կառույցը ոչ մի հանցակազմ չէր տեսել, հետո այդ նույն բառերի համար նրան մեղադրանք առաջադրեցին իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով ու երկու ամսով կալանավորեցին: Քննիչներն Աջապահյանի ու ահաբեկչության փորձի համար մեղադրվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործը մեկ շղթայի մեջ են դիտարկում:

«Աջապահյանը չալարեց և վերահաստատեց իր 2024 թվականին տված հարցազրույցը և ավելին՝ պնդեց, թե ինչ է ասել, մեկնաբանեց ու բացատրեց ... Բայց ասում է դա էն կոնտեքստում, երբ որ «Սրբազան պայքար» շարժման վերաբերյալ արդեն ԱԱԾ բացահայտումը կա, արդեն էս քննարկումները կան, և արդեն երևում է նաև իրական լինելը այն բոլոր գործողությունների պլանավորման, կանխատեսման, որի մասին որ մենք խսում ենք», - հեռուստահարցազրույցում ասել էր Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի խոսքն ավելի շատ քաղաքական էր, քան՝ իրավական, պնդում է Երեմ Սարգսյանը:

«Գլխավոր դատախազը պետք է իրավական խոսեր, պետք է ներկայացներ, թե հենց կոնկրետ իրավական առումով ոնց է ստացվել, որ իրենք նույն արարքը գնահատել են՝ հանցագործություն չկա, արարք չկա, հանցավոր գործողություն չկա, բայց հենց նույն խոսքում ասում է, որ ինքը վերահաստատել է այդ նույն խոսքերը՝ սա համարվում է հանցագործություն: Սա կոնկրետ խոսք է, իրենք ասում են, որ կոչ է արել, իրականում էստեղ կոչ էլ չկա», - պնդեց փաստաբանը:

Միքայել սրբազանի պաշտպանական թիմը տպավորություն ունի, որ գլխավոր դատախազն անձամբ է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին: Կարծում են՝ խախտվում է սրբազանի անմեղության կանխավարկածը, և այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:

«Մենք նաև դիտարկում ենք միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը, և մոտ ժամանակներս էդ առումով ավելի հստակ քայլեր կլինեն», - ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանական կողմը թեև պնդում է, որ զուտ իրավական առումով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործերն իրար հետ կապ չունեն, բայց մտավախություն ունեն, որ Շիրակի թեմի առաջնորդի մեղադրանքը փոխվի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ և՛ Քննչական կոմիտեի նախագահը, և՛ գլխավոր դատախազը դրանք նույն շղթայի մեջ են դիտարկում: Քննչականից առայժմ նման բան չեն հայտարարել:

«Էն, ինչ որ հիմա իրենք ասում են, դա ուղղակի իրենց մտքերն են, որը որ նորից փորձելու են ինչ-որ ձևով իրականություն դարձնել, որովհետև դրանք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Անձը ընդամենը կոչ է արել, և էդ կոչը որևէ կերպ չեն կարող դիտարկել էդ հանգամանքների համատեքստում: Իհարկե, մենք էսօր տեսնում ենք, որ իրենք ամեն ինչ, ըստ էության, ապօրինության տրամաբանության մեջ կարողանում են անել, բայց մենք հիմա պետք է խոսենք իրավական առումով, իսկ իրավական էդտեղ որևէ հնարավորություն և փաստարկ չկա», - վստահեցրեց փաստաբանը:

Հարցին՝ «այնուամենայնիվ, մտավախություն ունե՞ք, որ հնարավոր է՝ մեղադրանք փոխվի Միքայել սրբազանի», Երեմ Սարգսյանն արձագանքեց. - «Ուրեմն, պետք է ամեն ինչ դիտարկել իրավական բոլոր աբսուրդների տրամաբանության մեջ, որը որ հիմա ունենք, և էդ տրամաբանության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է»:

Շիրակի թեմի առաջնորդն արդեն 15 օր է ճաղերի հետևում է: Աջապահյանի կալանավորումից հետո հայտարարվեց, որ նրան ու Բագրատ արքեպիսկոպոսին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի նույն խցում են պահում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG