Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները Արցախում մնացած սեփականության պաշտպանության գործընթաց են սկսել


Հայկական ժառանգության ոչնչացումը Արցախում՝ Maxar-ի արբանյակային լուսանկարներում
Հայկական ժառանգության ոչնչացումը Արցախում՝ Maxar-ի արբանյակային լուսանկարներում

Ստեփանակերտի պատմական թաղամասերը Բաքուն աստիճանաբար վերածում է փառքի ու հաղթանակի պուրակների, քաղաքի դեռ չջնջված շենքերի բնակարաններում «Մեծ վերադարձ» անունը կրող ակցիայի շրջանալներում ադրբեջանցիներ են տնավորվում:

Ամիսներ առաջ Բաքուն մի տեսանյութ էր տարածել՝ «Ստեփանակերտի բնակիչը 36 տարի անց իր տուն վերադարձավ ու գտավ իր իրերը» վերնագրով, միայն թե հետո պարզվեց, որ դա Ազոխից տեղահանված Գալյա Արզումանյանի տունն ու իրերն են:

Արցախից ու Հայաստանից մի խումբ իրավապաշտպաններ արցախցիների սեփականության պաշտպանության գործընթաց են սկսել և արդեն ավելի քան 100 դիմումներ են ուղարկել Ստրասբուրգի դատարան:

«Գլխավոր պահանջը վերաբերում է է կանխարգելիչ աշխատանքներին, այսինքն՝ պաշտպանությանը, որ Եվրոպական դատարանը համապատասխան վճիռներ կայացնի Արցախի ժողովրդին, տվյալ դեպքում՝ կոնկրետ անձանց պատկանող գույքի պաշտպանության նպատակով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

«Իհարկե, քանդված գույքի մասով արդեն փոխհատուցման պահանջ էլ կա, բայց նաև վերադարձի հետ կապված պահանջներ էլ կան ձևակերպված՝ որպես ընդհանուր կոնտեքստ», - նշեց Բեգլարյանը:

Արցախի նախկին օմբուդսմենի խոսքով՝ թե՛ ներպետական ու թե՛ միջազգային իրավունքում սեփականության իրավունքը ամենապաշտպանվածն է, և չեն կարող նստել ու դիտարկել, թե ինչպես է Բաքուն հիմնահատակ քանդում Ստեփանակերտի թաղամասերը, ջնջում գյուղական բնակավայրերը կամ ադրբեջանցիների բնակեցնում այն տներում, որոնց սեփականության իրավունքը արցախցիներինն է:

«Նախ՝ Եվրոպական դատարանը արձանագրի այն խախտումները, որոնք Ադրբեջանը կատարում է և կատարել է: Երկրորդը՝ նաև պարտավորեցնի Ադրբեջանին, որ նախ՝ չբնակեցնի մեր բնակարանները ապօրինի կերպով ադրբեջանցիներով, երկրորդը՝ չքանդի մեր բնակավայրերը», - ասաց Բեգլարյանը:

Արցախի նախկին օմբուդսմենի խոսքով՝ Ստրասբուրգի դատարան ուղարկվող այս դիմումներն ու հետագա վճիռները գուցե զսպեն հայերի ամեն ինչը քանդելու կամ յուրացնելու Բաքվի գործելաոճը: Սակայն, ըստ նրա, այս գործընթացը նաև ռազմավարական նշանակություն ունի. - «Արդյունքում մենք ունենալու ենք շատ լուրջ իրավական ամուր հիմքեր լրացուցիչ, որպեսզի դիվանագիտական, քաղաքական մեխանիզմները գործարկվեն Ադրբեջանի դեմ կիրառելու համար: Մենք չենք կարող ասել՝ այդ ժամանակ ինչ աշխարհաքաղաքական վիճակ կլինի կամ ինչ նոր աշխարհակարգ կլինի, բայց ես վստահ եմ, որ սրանք նոր հնարավորություններ կբացեն մեզ համար»:

Արցախում շուրջ 40 հազար շենք ու բնակելի տուն կա, քանիսն է ավերվել կամ բնակեցվել՝ տեղեկատվության միակ աղբյուրը հենց Բաքվի տարածած տեսանյութերն են:

Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Ստեփանակերտում շուրջ 14 հեկտար բնակելի թաղամաս արդեն քանդվել է: Վեց պատմական թաղամասեր՝ Թումանյան, Հակոբյան, Կնունյանցներ, Փետրվարի 20 փողոցները, Արցախի համալսարանի հարակից տարածքը, Ազատության հրապարակը Բաքուն «Հաղթանակի զբոսայգի» է դարձնում:

Ըստ Շահվերդյանի՝ Ադրբեջանի նպատակը քաղաքի դեմքն ամբողջությամբ փոխելն է, այդ նպատակով նաև վերացրել են բոլոր կիսանդրիները, արձանները, միայն «Տատիկն ու պապիկն» են մնացել, նրանց էլ Բաքուն փորձում է խորհրդային տարիների կերպարներ ներկայացնել:

Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ այժմ թիրախում նաև եղբայրական գերեզմանն է՝ Ստեփանակերտի հուշահամալիրը, որ արդեն փակված է շինարարական ծածկոցով:

Ինչ իրավիճակ է շրջաններում՝ տեղեկատվություն այս առումով գրեթե չկա, հայտնի է միայն այն, որ Քարինտակ գյուղը ամբողջությամբ քանդել են, ըստ իրավապաշտպան Բեգլարյանի՝ ջնջելու 90-ականների իրենց պարտության ծանր հիշողությունը:

«Սա հարցաթերթիկն է էլեկտրոնային, կայքից կարող են արդեն մտնել այստեղ», - նշեց Արտակ Բեգլարյանը:

«Արցախ» միությունում գործընկեր իրավապաշտպանների հետ շարունակում են տվյալների հավաքագրումը: Արցախում գույք թողած ընտանիքները նախ հարցաթերթիկն են լրացնում, ապա՝ տան փաստաթղթերը ներկայացնում: Ավելի լավ, եթե ադրբեջանական աղբյուրներից տարածված որևէ տեսանյութ կա իրենց տան քանդման կամ յուրացման վերաբերյալ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG