Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ն առաջարկել է լրացուցիչ 7 մլրդ դրամի ներդրում, ՀԾԿՀ-ն մերժել է. ընկերության արձագանքը

Լրացված

ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության հայտարարությունների ֆոնին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է էլեկտրական ցանցերի՝ այս տարի նախատեսվածից մոտ 7 միլիարդ դրամով ավելի ներդրում կատարելու առաջարկը: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը չի թաքցնում՝ հանձնաժողովի որոշումը կապ ունի ընկերության շուրջ Կառավարության սկսած գործընթացի հետ:

«Եղել են քննարկումներ, որոնց ես էլ եմ մասնակից եղել, որևիցե ժամանակ չի եղել անգամ ակնարկ, որ դա մերժվելու է: Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբ, հունիսի 18-ին ձերբակալում են, հունիսի 19-ին կալանավորում են, մենք հուլիսի 4-ին ստանում ենք նախագիծ մերժման, հուլիսի 8-ին՝ մեր էդ խուզարկությունների օրը, մասնակցում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, նիստը տևում է շատ կարճ, խոսում ենք հիմնականում մենք, և այն մերժվում է: Հիմա միտում կա, թե՝ ոչ, թողնում եմ հեռուստադիտողին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազինյանը:

ՀԷՑ-ը պետականացնելու նպատակների մասին վարչապետը հայտարարեց նույն այն ժամերին, երբ եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո ձերբակալվեց ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Իշխանությունը, սակայն, պնդում է, թե վաղուց էին դժգոհ ընկերության աշխատանքից՝ մի բան, որի մասին այս ընթացքում չի խոսել դրանով անմիջականորեն զբաղվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Կարգավորող մարմինը նախօրեին ՀԷՑ-ին ներդրումային ծրագիրը չհաստատելու երկու հիմնական պատճառ է ներկայացրել, որոնք, ըստ կառույցի, բխում են սպառողներին որակյալ ծառայությունների մատուցելու հիմնարար սկզբունքից. - «Ներկայացված հաշվարկներով, առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման: Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը, զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ»:

ՀԷՑ-ը լրացուցիչ ներդրումներ կատարելու նախագիծը հանձնաժողով էր ներկայացրել ամիսներ առաջ՝ մարտի 25-ին: Առաջարկել էին այդ ներդրումներով նվազեցնել հոսանքի անջատումները: Եթե պետական կառույցը հաստատեր ընկերության առաջարկած ծրագիրը, լրացուցիչ 490 օդային գիծ կվերանորոգվեր կամ կհիմնանորոգվեր: Միայն Երևանում նպատակ կար հիմնանորոգել մոտ 132 կմ մալուխ: Ըստ Ղազինյանի՝ պլանային անջատումները որոշակի փուլերում կավելանային, բայց արդյունքում հոսանքի անջատումներն էականորեն կկրճատվեին:

«Ես հանձնաժողովում մեկ օրինակ բերեցի, ասեցի՝ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե ինձ առաջարկվի ևս մի քանի ամիս, օրինակ, խցանումների մեջ կանգնել, կամ մի քիչ ավելի, էսպես, խցանումներ լինեն, բայց ես հաջորդ տարիներին ազատվելու եմ դրանից՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա շատ ավելի լավ է լինելու, ես՝ որպես ողջամիտ քաղաքացի, որպես ողջամիտ մարդ, միանշանակ կհամաձայնեմ: Հանձնաժողովը էդ կարծիքը անգամ չուզեց լսել», - նշեց ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատարը:

Հանձնաժողովի որոշումն ընդունվել է ձայների 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Ներդրումային ծրագիրը մերժելուն դեմ է եղել հանձնաժողովի անդամներից Արա Նռանյանը՝ ներկայացնելով հատուկ կարծիք: Պաշտոնյան նախ կարևորել է այն, որ ՀԷՑ-ը պատրաստ է մոտ 48 միլիարդ դրամի փոխարեն կատարել շուրջ 54 միլիարդի ներդրում, որի արդյունքում մոտ 10 միլիարդ դրամ գումար առաջիկա տարիներին չի վերադարձվելու ընկերությանը, այսինքն՝ չի հատուցվելու սակագնի միջոցով։

Նռանյանը շեշտում է. - «Նկատի ունենալով ցանցի արդիականացման անհրաժեշտությունը և այն դժգոհությունը, որն առկա է հասարակության մեջ հոսանքի որակի հետ կապված, մենք պետք է բնական գնահատենք ավելի շատ ներդրումներ անելու ցանկությունը՝ հատկապես եթե այն չի հատուցվելու առաջիկա տարիներին։ Այլ կերպ ասած, դա ՀԷՑ-ի հարցն է, որի մասով ինքը կարծես խնդիր չի տեսնում։ Մենք առավել ևս կարող ենք դա պարզապես ընդունել ի գիտություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG