Մեկ տարի լռությունից հետո երկու էլեկտրական ավտոբուս փողոցում. այսպես սկսվեց Վանաձորի էլեկտրական տրանսպորտի «մեծ նախագիծը»: Հինգ ավտոբուսներից երկուսն են միայն երթուղի դուրս եկել, իսկ մնացած երեքը դեռ կանգնած են՝ անորոշ ապագայով:
Մեկ տարի առաջ այլ տեսարան էր: Հանդիսավոր ցուցադրություն, պտույտներ քաղաքի կենտրոնում, համայնքապետի պաշտոնակատարն՝ անձամբ ղեկին: Գյումրիում՝ նույնիսկ փուչիկներ ու շամպայն: Բայց դրանք շահագործելիս անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ: Ուղևորները հանկարծակի տեսան նոր էլեկտրական ավտոբուսները փողոցում:
Երկու ավտոբուսները բավականին կարճ երթուղի են սպասարկում՝ Տարոն 4 թաղամասից մինչև հանրախանութ:
Վարորդ Սուրեն Տոնապետյանն ուղևորներից շոկոլադներ է ստացել: Նախկին հնամաշ «Գազել»-ի փոխարեն էլեկտրական նոր ավտոբուս վարելն իսկական շնորհավորանքի առիթ է, ասում է նա:
4 տարի առաջ Եվրամիությունը չորս միլիոն եվրո տրամադրեց Վանաձորում ու Գյումրիում կայուն և կանաչ կառավարում ստեղծելու համար: Ծրագիրը խոստանում էր երկու քաղաքներում 5-ական էլեկտրական ավտոբուս, լիցքավորման կայաններ, նոր տոմսային համակարգ, աղբի վերամշակման հաստոցներ, փողոցները լվացող մեքենաներ: Մինչդեռ այսօր Վանաձորում ունենք շահագործման հանձնված միայն երկու ավտոբուս և բազմաթիվ անպատասխան հարցեր:
Ինչո՞ւ հինգից երկուսը միայն: Ո՞վ է ընտրել երթուղին: Ինչո՞ւ ծանրաբեռնված ուղղություններ չեն ընտրվել: Եթե փորձնական են երթուղի հանել, ապա ի՞նչն են փորձարկում: Ինչո՞ւ ուղևորները դեռ նախկինի պես վարորդին են գումար վճարում՝ առանց տոմսային համակարգի կամ գոնե վճարի համար նախատեսված հատուկ արկղերի: Համայնքապետարանից մի քանի օր է պատասխան չկա: Մամուլի խոսնակը խոստանում է պատասխանել՝ երբ տեղեկություն ունենա:
Եվրամիության ծրագրով վարորդները հատուկ ուսուցում էին անցնելու ավտոբուսների ղեկին նստելուց առաջ: Դրա համար գումար էր հատկացված: Վարորդ Տոնապետյանն անկեղծ զարմացավ՝ ի՞նչ ուսուցում պետք է անցներ:
Երկու լիցքավորման կայանները, որոնք նույնպես Եվրամիության դրամաշնորհի հաշվին են ձեռքբերվել, դեռ չեն միացվել: Կանգնած են նախկին մանկատան շենքի դիմաց:
Գարնանը համայնքապետարանից ասացին՝ լիցքավորման կայաններ տեղադրելուց հետո՛ միայն կշահագործվեն ավտոբուսները: Չորս ամիս սպասեցին, հետո երկուսը երթուղի հանեցին առանց նոր լիցքավորիչների: Քաղաքում վաղուց արդեն եղած էլեկտրական կայաններում են լիցքավորվում:
Եթե եղած լիցքավորիչները բավարար էին թեկուզ երկու ավտոբուս շահագործելու համար, ինչո՞ւ ավելի վաղ ավտոբուսները փողոց չէին հանում: Այս հարցն էլ անպատասխան է:
Դեռ այս տարվա մարտին տեղի ունեցած ավագանու նիստին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները պահանջեցին քննարկում կազմակերպել՝ պատասխանելու Եվրամիության ծրագրի հետ կապված իրենց համար կասկածելի հարցերին: Թե՛ Եվրամիության ծրագրի պատասխանատուն ու թե՛ համայնքի ղեկավարները խոստացան՝ կկազմակերպեն, բայց այդպես էլ այն տեղի չունեցավ: Իսկ Վանաձորի բնակիչները դեռ սպասում են իրենց կանաչ ապագային՝ անորոշ ժամկետով: