Երևանի Պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցները երեկ ծանուցում են ստացել, որ երկու օրից ազատվում են աշխատանքից: Կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանն ասում է՝ բաժնի բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատելու և կենտրոնը լուծարելու որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում:
«Իշխանությունները, ինչպես տեսնում եք, երկրում տանում են ապաազգայնականացման պրոցես՝ բոլոր ազգային ինստիտուտները վերցնելով, բոլորը՝ եկեղեցին և բոլոր մյուս ազգային ինստիտուտները վերցնելով հարվածի տակ: Իսկ մենք, բոլորիս հայտնի է, որ Երևանի Պետական համալսարանը շատ, շատ կարևոր նշանակություն ունեցող ազգային ինստիտուտ է: Մենք երևանի Պետական համալսարանում գործունեություն ծավալող կառույց ենք, որի ծրագրերի մոտավորապես 90 տոկոսը և ավելին ուղղված է ուսանողների հայրենաճանաչությանը, ազգային արժեքների քարոզմանը, ազգային արժեքների վերհանմանը, ու հենց դրանով էլ մենք խանգարում ենք իշխանություններին, քանի որ չենք կիսում իրենց տեսակետները: Շատերս, ոչ թե որպես կառույց, այլ՝ անհատապես, երբեք չենք խորշում հայտնել մեր տեսակետները, միշտ հայտնել ենք՝ 2018-19 թվականից սկսած, և հենց էդ ժամանակվանից սկսած էլ սկսել ենք խանգարել իշխանություններին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց կենտրոնի փոխտնօրենը:
Գալստյանն ասում է՝ ծանուցումն իրենց ուղարկել են 2019 թվականից ի վեր ձգվող դատական գործով վերջերս կայացված որոշումից հետո: Դեռ 2019-ին է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրել լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը կազմակերպում է տարբեր կրթական միջոցառումներ, գիտարշավներ, ամառային դպրոցներ:
Կենտրոնի աշխատակիցներն այն ժամանակ բողոքարկել են այդ որոշումը՝ մի քանի խախտումներ նշելով, այդ թվում՝ փաստը, որ լուծարման առաջարկը 2019-ին ներկայացրել էր ոչ թե բուհի ռեկտորը, ինչպես պահանջում է կանոնադրությունը, այլ՝ հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով այժմ էլ Պետհամալսարանի ռեկտորն է:
Դատարանը որոշել է, որ թեև խախտում կա, բայց դրա պատճառով կայացված որոշումը չեղյալ չի կարող համարվել:
«Օրինակ՝ 2019 թվականին հոգաբարձուների խորհրդում կենտրոնի լուծարման հարցը բարձրացրել էր էդ ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով հիմա հանդիսանում է Պետական համալսարանի ռեկտոր, բնականաբար՝ հաղթահարելով իր լիազորությունները, որովհետև էն ժամանակվա կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ նման լիազորություն չուներ՝ նման հայց ներկայացնելու, պահանջ ներկայացնելու», - ընդգծեց Էդուարդ Գալստյանը:
Գործընթացում էլի հակասություններ կան, նկատում է փոխտնօրենը. նրա խոսքով՝ է 2019-ից ի վեր նույն Պետհամալսարանը իր կողմից կրճատված կենտրոնում նոր հաստիքներ է ստեղծել, գործունեությունն ընդգրկել է ռազմավարության մեջ. - «Նույնիսկ էնտեղ հաստիք կա, որ բացվել է բոլորովին վերջերս՝ դատական պրոցեսի սկսվելուց չորս տարի անց, ԵՊՀ հենց էս ռեկտորի՝ Հովհաննես Հովհաննիսյանի որոշմամբ հաստիք է ստեղծվել, էդ հաստիքի վրա աշխատող է ախատանքի ընդունվել, բայց փաստացի էդ աշխատողն էլ է հիմա հեռացվել»:
Բացի այդ, այս ամբողջ ընթացքում իրենք բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել, հերթական նախաձեռնությունը՝ գիտելիքի ամառային դպրոցը պետք է մեկնարկի երկուշաբթի օրը, դրան մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր դպրոցականներ:
Էդուարդ Գալստյանն ասում է՝ իրենց ուղարկված ազատման ծանուցումները ևս բողոքարկելու են: Արդեն առնվազն մի խախտում նկատել է՝ պետք է աշխատանքից ազատելու մասին զգուշացնեին ավելի վաղ, այլ ոչ թե երկու օր առաջ. - «Բնականաբար, չենք պատրաստվում ձեռքերս ծալած նստել, բնականաբար, բողոքարկվելու որոշումը»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որևէ մեկնաբանություն այսօր չտվեց: Իսկ Երևանի Պետական համալսարանից փոխանցեցին միայն, որ այս կենտրոնի աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը հիմնավորված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ։ Թե ինչու են որոշել լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, կամ ինչպես կարձագանքեն հնչող պնդումներին՝ գործընթացի քաղաքական ենթատեքստերի մասին, այս մասով որևէ մեկնաբանություն չհնչեց: