Երևանի Պետհամալսարանի ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Պաշտոնական հիմնավորումն այն է, որ Մայր բուհի հետ եպիսկոպոսի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Ընդդիմությունը պնդում է, որ ռեկտոր Հովհաննիսյանն այս որոշումը կայացրել է կառավարական շենքից եկած հրահանգով՝ այն բանից հետո, երբ Անուշավան սրբազանը 8 օր առաջ ոչ շատ ակտիվ, բայց այնուամենայնիվ մասնակցեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հրավիրված հավաքին:
Արդեն նախկին դեկան եպիսկոպոսն այսօր ֆակուլտետում չէր, ասացին ՝ իրերը դեռ չի հավաքել: Աստվածաբանականի երկարամյա դասախոսներից Վարդան Խաչատրյանի խոսքով՝ դեկանի պաշտոնավարման ավարտի մասին ո՛չ խոսվել է, ո՛չ գիտեին. - «Էդպիսի խոսակցություն մեզանում չի եղել, ճիշտն ասեմ, որ կան թեկնածուներ, կամ լինելու է ընտրություն, և այլն»:
Դեկանի տեղակալը նույնպես անտեղյակ էր: Ստացվում է՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ավարտի մասին այստեղ ոչ ոք չի իմացել, չեն էլ ենթադրել: Բանն այն է, որ եպիսկոպոս Ժամկոչյանն այստեղ դեկան է ուղիղ 20 տարի: Համալսարանական ընթացակարգով դեկանը հինգ տարով է ընտրվում, և նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել: Ընթացակարգի վերջին փոփոխությունը 23 թվականին է ընդունվել, այդ դեպքում անգամ սրբազանը ոչ թե հիմա, այլ ավելի վաղ պիտի հեռացած լիներ:
Պետհամալսարանից պարզաբանում են. - «23 թվականին, երբ փոխվեց կանոնադրությունը, ապա ընդունվեց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ընտրության նոր կարգը, ըստ որի՝ ֆակուլտետների դեկաններին ընտրում է գիտական խորհուրդը, ղեկավարների հետ պայմանագրերը երկարաձգվեցին մինչև պաշտոնի թափուր հաստիքի նոր ընտրություններ։ Այժմ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման նպատակով հայտարարվել է մրցույթ՝ ըստ այդմ դադարեցվել դեկանի հետ նախկինում երկարաձգված պայմանագիրը»։
Նոր դեկանի ընտրությունը օգոստոսի 28 ին է, իսկ արդեն հեռացված եպիսկոպոսը կշարունակի հոգևոր ծառայությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ նա հոգևոր տեսուչն է:
«Եթե դա քաղաքական լուծում է եղել, ինքը պետք է խորքային հետազոտվի, որովհետև ոչ մեկը չի կանգնի ասի՝ «հա, մենք քաղաքական լուծում ենք տվել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը: Նա չի շտապի եզրակացնել, որ դեկանը հեռացվել է իշխանության ու Մայր Աթոռի միջև ծավալվող հակամարտության հետևանքով. - «Կեղծ վկայության պես մի բան է, որ հիմա ասեմ, որովհետև պետք է պարզեմ դեռևս, և դա կերևա, հաստատ, որոշ ժամանակ հետո կերևա, թե ինչքանով է դա այդպես, ինչքանով՝ ոչ: Դե էդ դեպքում արդեն ես բաց ճակատով կասեմ, որ էս է»:
Խաչատրյանն ինքը վերջին 45 օրերին բազմիցս հարցազրույցներ է տվել, ակտիվ առաջ քաշել միտքը, որ իշխանությունը եկեղեցու գործերին չպիտի խառնվի: Դասախոսը պնդում է՝ որևէ ճնշման փորձ բուհի ներսում իր նկատմամբ չի եղել:
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Նա այս ընթացքում հրապարակային խոսքով աչքի չի ընկել, ավելին՝ մամուլը գրել էր, որ համալսարանի ռեկտորի հետ մտերիմ է ու միասին են խորհրդատվություն մատուցում Հայաստանի վարչապետին եկեղեցական նուրբ կանոնական թեմաների շուրջ: Եպիսկոպոսն ինքը այդ ամենը կեղծիք էր որակել, այս ընթացքում միայն մեկ անգամ էլ ստիպված էր եղել պատասխանել մի հարցի ՝ կիսո՞ւմ է արդյոք Փաշինյանի գնահատականները.
«Մենք ունե՞նք մեր եկեղեցում պոռնկաբարո եպիսկոպոսներ», - լրագրողի հարցին սրբազանն արձագանքել էր. - «Ոչ, չեմ կարծում, տեղյակ չեմ, չունենք»:
Ինքնաբո՞ւխ, թե՞ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես ընդունված է ասել, տնօրինությամբ էր եպիսկոպոսն ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հարթակ բարձրացել, այս հարցի պատասխանը եպիսկոպոսն ինքը կտար, եթե «Ազատության» զանգերն առավոտից անպատասխան չլինեին: Փաստ է, սակայն, այն, որ Մայր Աթոռը նրա պաշտոնից ազատման վերաբերյալ որևէ հայտարարություն, գնահատական չի հնչեցրել:
Աստվածաբանության ֆակուլտետը 30 տարի առաջ հիմնադրել է Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, տասը տարի անց Անուշավան սրբազանն է ստանձնել դեկանի պաշտոնը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, գիտական հոդվածների ու ձեռնարկների հեղինակ, դրանցից մեկը համասարանի ռեկտոր աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանի համահեղինակությամբ է:
Գերմանիայում երաժշտական բարձրագույն կրթություն ստացած եպիսկոպոսը բացառիկ ձայնային տվյալներ ունի, համացանցում նրա կատարմամբ ձայնագրություններ կան: Ի դեպ, Պետհամալսարանից տեղեկացրին՝ նախկին դեկանը հավանաբար կշարունակի դասավանդել բուհում: