Արմավիրի մարզի ծաղկեգործները դժգոհում են՝ աճեցրած ծաղիկները տարիներ շարունակ կարողացել են վաճառել արտահանող ընկերություններին,
իսկ հիմա արտահանողները չեն գնում, Ռուսաստանից էլ ասում են՝ Հայաստանից իրենց երկիր վարակված ծաղիկներ են մտել:
Ծաղկեգործները պնդում են՝ իրենց ծաղիկներն առողջ են, պահանջում են, որ Կառավարությունը հարցին լուծում տա:
Դժգոհ տնտեսվարողներն ասում են՝ եթե երկուշաբթի օրը պետական մակարդակով հեռուստատեսությամբ չբացատրեն, թե որն է իրական խնդիրն ու երբ թույլ կտան, որ իրենց ծաղիկները Հայաստանից դուրս գան Ռուսաստան հասնեն, ապա արդեն բացված ծաղիկները կդատարկեն Երևանից Էջմիածին մայրուղու վրա:
Դեռ հունիսի սկզբներին էր Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, Հայաստանին զգուշացրել, որ հունիսի 16-ից կարող է Հայաստանից ներկրվող ծաղիկների մուտքը ժամանակավոր արգելել, պնդելով, թե Հայաստանից վարակված ծաղիկներ են Ռուսաստան մտել:
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից այդ օրերին ասում էին՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական պատասխան չեն ստացել, թե հայտնաբերված 13 դեպքերը հայկական ո՞ր ընկերություննների ծաղիկներն են:
Այսօր արդեն տեսչական մարմնի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատությանը» ասաց՝ ինտենսիվ աշխատում են ռուս գործընկերների հետ, արդեն 7 ընկերությունների մասով կա թույլտվություն՝ այդ ընկերություններին Ռուսաստանն արդեն թույլ է տվել ծաղիկ ներմուծել: Առաջիկայում ռուս գործընկերները կգան Հայաստան: