Վարչապետ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպումից երկու օր անց Գորիսում հավաքել է կուսակիցներին ու ժողով արել: «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավն ու շարքային անդամները երեկվանից են հասել Գորիս, հանդիպումն այսօր էր, մի քանի ժամ է տևել:
Կես օր տևած քննարկումից Նիկոլ Փաշինյանը 30 վայրկյանանոց տեսանյութ է հրապարկել, որում լսելի են միայն ծափահարությունները, հանդիպման բովանդակությունից ոչ մի խոսք:
Մոտ 200 ՔՊ-ական է Սյունիք մեկնել: Ի՞նչն է լայն կազմով հավաքվելու պատճառը և ինչո՞ւ Գորիսում: Ի՞նչ խորհուրդ ունի տեղի ընտրությունը: Հնարավոր է զարգացումներ են սպասվում Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի բացման հարցում: Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ հանդիպման վայրը հատուկ նշանակություն չունի: News.am-ի հետ զրույցում ասել է, թե նախորդներն էլ այլ մարզերում են եղել:
«Երևի 4-րդ կամ 5-րդ քաղաքական ժողովն ենք անում, բոլորը մարզերում են եղել, էս անգամ Սյունիքում որոշեցինք», - ասել է Հարությունյանը:
Ժողովին կուսակցության ղեկավարը Աբու Դաբիի հանդիպումից մանրամասներ հայտնե՞լ է, ի՞նչ են պայմանավորվել Ալիևի հետ: Պատգամավորներից Դավիթ Դանիելյանը «Ազատությանն» ասաց՝ Աբու Դաբիից խոսել են այնքան, որքան պաշտոնական հաղորդագրությունում է. - «Գրեթե ավելին ոչինչ չի ասվել, խոսվել է այն, ինչ ասվել է պաշտոնական հաղորդագրությունում»:
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Աբու Դաբիում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները ամենաարդյունավետ ձևաչափն են համարում, և այդ հիմքով պայմանավորվել են շարունակել երկխոսությունը: Արայիկ Հարությունյանը վստահ է, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակվեն. - «Առաջիկայում կլինեն էդ հանդիպման հետ կապված մեկնաբանություններ, և բոլոր մանիպուլյացիաները կփարատվեն»:
Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն «Ազատությանը» վստահեցրեց՝ այսօրվա ժողովի օրակարգում հիմնականում սեպտեմբերին սպասվող կուսակցական համագումարի թեմայով հարցեր են եղել:
«Հիմնականում համագումարին ընդառաջ հարցեր ենք քննարկել, դա է եղել օրակարգը», - ասաց պատգամավորը:
Աշնանը իշխող կուսակցության հերթական համագումարն է, որի ժամանակ նոր վարչություն, այսինքն ղեկավար կազմ են ընտրելու: Իսկ դրանից ինը ամիս անց խորհրդարանական հերթական ընտրություններն են, որին ՔՊ-ն միայնակ է մասնակցելու: Ազգային ժողովի խոսնակ ԱԼեն Սիմոնյանն է հայտարարել դեռ մայիսն:
Այսօրվա ժողովում քննարկվե՞լ է Փաշինյանի իշխանության վարկանիշին վերաբերող հարցեր: Օրինակ, ընդունո՞ւմ են քաղաքական հակառակորդների պնդումները, որ ՔՊ-ի վարկանիշն ընկել է ու հնարավոր է՝ հաջորդ ընտրություններում միայնակ մեծամասնություն չկարողանան կազմել խորհրդարանում: Իշխանական պատգամավորը վստահ է՝ հայաստանյան քաղաքական դաշտում ՔՊ-ն առաջատարն է:
«Մյուս ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է, ու դա նաև հասկանում են ընդդիմադիր ուժերը, դրա համար ընդդիմադիրների մեջ պայքար է առաջին ընդդիմադիր ուժը լինելու կամ խորհրդարանում մի քանի աթոռ ունենալու համար: Մենք միանշանակ հաղթելու ենք, հարցը՝ 54, թե՞ 58 տոկոս», - ասաց Հակոբյանը:
Այսօրվա ժողովի օրակարգում նաև 2026-ի համապետական ընտրությունների հարցն էլ է եղել, հաստատեց Դավիթ Դանիելյանը, բայց չմանրամասնեց՝ կոնկրետ ի՞նչ են քննարկել: